«Ռադիո Հայ»-ը գործադուլ է հայտարարում
«Ռադիո Հայ» ՍՊԸ խմբագրությունը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի ս. թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ հայտարարում է գործադուլ:
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում անցկացնել արտահերթ ստուգումներ։ Այդ կապակցությամբ, ս.թ. սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահն արձակել է հանձնարարագիր` համաձայն որի «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում և ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվի արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրում։ Ընդ որում, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում այդ չափագրումները պետք է ներառեն ժամանակահատված՝ սկսած 01.01.2009 թվականից։ Քանի որ այդ հանձնարարագրում կոնկրետ նշված չէր ռադիոկայանի գործունեությանը վերաբերվող առարկան եւ նրա չափագրման եղանակը, ռադիոկայանի տնօրինությունը օրենքով սահմանված կարգով արգելել է ուսումնասիրության իրականացումը։ Ռադիոկայանի աշխատակազմը գտնում է, որ պետեկամուտների կոմիտեի գործողությունները անօրինական են, հանդիսանում են միջամտության փորձ անկախ ԶԼՄ-ի աշխատանքին և ուղղված են Հայաստանում խոսքի ազատության սահմանափակմանը։
Այդ կապակցությամբ, ի նշան բողոքի, ռադիոկայանի աշխատակազմը մինչեւ ս. թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ հայտարարում է գործադուլ։ Ամեն աշխատանքային օր, ժամը 12-ից սկսած, մեկ ժամով կդադարեցվի «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերի սպասարկումը, իսկ մյուս ժամերին` կիրականացվի ավտոմատացված եղանակով»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան