Նա միշտ եղել է Արցախի հետ. Բակո Սահակյանը ցավակցել է Սոս Սարգսյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, հայ ազգի արժանավոր զավակ Սոս Արտաշեսի Սարգսյանի մահվան մասին:
Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու պատվավոր առաքելությանը:
Անգնահատելի է Սոս Սարգսյանի ներդրումը հայկական մշակույթի զարգացման, բազում սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում: Իր անսպառ տաղանդի և փայլուն աշխատանքի շնորհիվ նա հարգանք ու ճանաչում է վաստակել նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Մեծ է Սոս Սարգսյանի ավանդը նաև Արցախյան ազգային-ազատագրական շարժման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործում: Նա միշտ եղել է Արցախի հետ՝ ըստ ամենայնի աջակցելով մեր պետականաշինության գործընթացին:
Արցախում բարձր են գնահատել Սոս Սարգսյանի հայրենանվեր գործունեությունը՝ պարգևատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով և այլ պետական պարգևներով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեզ բոլորիս՝ անդառնալի կորստի առթիվ:
Սոս Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները