Հիշատակ և պատգամ. Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին (Լուսանկարներ)
Ադրբեջանցի մարդասպանի կողմից կացնով դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի անվան պուրակն ու կիսանդրին այսօր բացվեցին Աջափնյակում: Գուրգեն Մարգարյանի կիսանդրին բացեցին նրա մայրն ու Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Բարև ձեզ»,- բարոնուհին իր ելույթը սկսեց հայերենով և նախ իր խորը կարեկցանքն ու ցավը հայտնեց, որը կիսում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի, մոր, հորաքրոջ հետ:
«Ես մայր եմ և ես արտասվել եմ, երբ իմացա, թե ինչպես է սպանվել ձեր որդին: Առաջինը ես շոկ ապրեցի` իմանալով, որ հայ սպան սպանվել է քնած ժամանակ, ապա խորը զարմանք, որ մարդասպանին Ադրբեջանում հերոսի նման են դիմավորել: Դա ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ապագայի համար, նրանց երեխաների դաստիարակման համար, երբ իրենց մոտ մարդասպանին վերաբերում են որպես հերոսի: Ես խոսում էի ընկերներիցս մեկի հետ, ում որդին ուսանող է համալսարաններից մեկում, այնտեղ կան երկու ադրբեջանցի ուսանողուհիներ, ովքեր պաշտպանում էին իրենց մարդասպանի հերոսությունը: Ի տարբերություն այս ամենի` ես կցանկանամ ընդգծել` փառք ու պատիվ Հայաստանի և Արցախի ժողովրդին: Անգամ վատ պայմաններին Արցախում ձեր պայքարի ժամանակ, ես պատիվ եմ ունեցել կանգնել ձեր քաջարի մարտիկների կողքին, ովքեր պաշտպանում էին իրեցն հայրենիքը և իրենց հողը»,- ասաց Քերոլայն Քոքսը: Նա նաև ողջունեց Հայաստանում և Արցախում ժողովրդավարության և արդարության սկզբունքի առաջնորդությամբ ընթացող առաջխաղացումները:
«Ես խորը համակրանք ունեմ հայ ժողովրդի նկատմամբ` դուք ոչ միայն շարունակում եք գոյատևել, այլև գեղեցիկն եք ստեղծում: Ոչինչ չի կարող հետ բերել Գուրգեն Մարգարյանին այս աշխարհ, բայց նրա ոգին երբեք չի մեռնի, այս հրաշալի կիսանդրին միշտ հայ ժողովրդին հիշեցնելու է հայ սպայի և նրա քաջագործությունների մասին: Ձեր հերոսներն իրական հերոսներ են: Ես խոստանում եմ, որ կաղոթեմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության և ազատության մեջ: Այն խաղաղության, ազատության, որի համար ձեր ժողովուրդը շատ մեծ գին է վճարել: Աստված օրհնի ձեր ընտանիքներին և Գուրգեն Մարգարյանի ընտանիքին: Շնորհակալություն»,- եզրափակեց բարոնուհին:
«Գուրգենը ողջ է, Գուրգենը նորից գրանցվեց Երևանում: Գուրգենը դեպի Արարատ է նայում, դա խորհրդանիշ է: Դա ապացույց է, որ մարդասպանը Գուրգենին չի սպանել, մարդասպանը սպանել է հային, քրիստոնյային, հայ սպային, ինձ, քեզ, նրան, հային: Վախկոտը` կացինը ձեռքին, իմացել է, որ միայն այդպես կարող է պայքարել հայ սպայի հետ, չի վախեցել, որ պատիժ է կրելու: Հարցն այն է, որ այդ մարդասպանը գիտակցել է, որ իրեն տեր են կանգնելու Թուրքիայում, Ադրբեջանում: Նա իմացել է, որ հերոսացվելու է»,- Գուրգեն Մարգարյանի կիսանդրիի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանցի սպայի արարքը համահունչ է այն քաղաքականությանը, որ որդեգրել է Ադրբեջանի Հանրապետությունը:
Կիսանդրին բացվեց Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում (Լենինգրադյան-Շիրակ փողոցների խաչմերուկում), քանի որ Գուրգենն այս բակում էր ապրում:
«Գուրգեն Մարգարյան» հասարակական- բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Քոչոյանը հայտնեց, որ կիսանդրին բացվել է մի շարք բարերարների ու մարդկանց աջակցությամբ: Աշոտ Քոչոյանն ընդգծեց, որ կիսանդրին կառուցվել է հայ ժողովրդի կողմից: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, ովքեր մասնակցել են կիսանդրու կառուցմանը: Քոչոյանը Գուրգեն Մարգարյանի ընտանիքին մշտապես աջակցելու համար շնորհակայություն հայտնեց նաև ՀՀ նախագահին, ՊՆ-ին և նախարար Սեյրան Օհանյանին: Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը քանդակել է Սերժ Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուդապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:
Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին: Հայաստանը, իր հերթին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Նախորդիվ`
Հունգար մտավորականները ամաչում են իրենց կառավարության զազրելի որոշման համար
ԵԽԽՎ նախագահը անընդունելի և սկանդալային է համարում Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
Փորձագետ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պահանջը կարող է լինել մեկը