«Համազգային» թատրոնից մարդիկ դուրս էին գալիս արցունքոտ աչքերով. «Սոս Սարգսյանը նաև ազգային մարդ էր»
«Ցավ»: «Անդառնալի կորուստ»: «Համազգային» պետական թատրոնի շենքից գրեթե բոլոր դուրս եկողների աչքերին արցունք կար: Նրանք դժվարանում էին որևէ խոսք ասել, միայն կրկնում էին` «ցավ եմ ապրում»: Նրանք եկել էին հարգանքի տուրքը մատուցել ու վերջին անգամ տեսնել մեծ դերասան Սոս Սարգսյանին:
Դերասանի քաղաքացիական հոգեհանգիստին ներկա էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պետական պաշտոնյաներ, քաղաքական ու մշակութային գործիչներ: «Ցանկացած հայ ընտանիք այսօր խորը վիշտ է ապրում, որովհետև կյանքից հեռացել է մի մարդը, որը վայելում էր մեր ժողովրդի սերը: Սոս Սարգսյանը ոչ միայն դերասան էր, որին մենք սիրում էինք, նա նաև ազգային մարդ էր` պետականություն սիրող, պետականության համար մեծ ճանապարհ անցած մարդ էր, 1988-ի շարժման ակունքներում կանգնած մարդ էր, միշտ ժողովրդի հետ կիսում էր դժվարությունները: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ընտանիք զգում է, որ իր ընտանիքում է այդ ցավը, որովհետև իր ընտանիքի անբաժանելի մասն էր համարում Սոս Սարգսյանին»,- լրագրողներին ասաց Տիգրան Սարգսյանը:
Դրսում հավաքված մարդիկ մեկը մյուսի ետևից մտնում և դուրս էին գալիս: Նրանք «ուրախ» էին, որ տեսնելու են դերասանին, բայց տխուր, որ դա վերջին անգամ է դա լինելու: «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ներս մտնելու: Բայց երբ պատկերացնում եմ, թե ինչ եմ այնտեղ տեսնելու, ուզում եմ թողնել ու հեռանալ: Դժվար է հավատալ, որ մեր վարպետն արդեն մեզ հետ չէ»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանը մահացել է սեպտեմբերի 26-ին: Տաղանդավոր արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ Կոմիտասի այգու պանթեոնում:
Նախորդող հրապարակումներ`
Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
Նա միշտ եղել է Արցախի հետ. Բակո Սահակյանը ցավակցել է Սոս Սարգսյանի ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին