«Մարի Իզմիրլյանի» սաները մնացին առանց էքսկուրսիայի և տոնի
Երևանի 2795-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին իրենց մասնակցությունը չեն ունենա խնամքի հաստատությունների սաները: Ավելին` ինչպես պարզեցինք, մայրաքաղաքի տոնական միջոցառումների պատճառով երեխաները կմնան նաև առանց հետաքրքրաշարժ էքսկուրսիաների ու տոնի:
Այդպես, Panorama.am-ի հետ զրույցում Երևանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատնից հայտնեցին, որ երեխաներն այսօր ծրագրված էքսկուրսիա ունեին, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով, փաստորեն, կմնան հաստատությունում և ոչ մի տեղ էլ չեն գնա: Ճշտող հարցին` ի՞նչ էքսկուրսիայի մասին է խոսքը, հաստատության աշխատակիցը նշեց, որ երեխաները պետք է այցելեին Օշական և եկեղեցի: Այլ կերպ ասած` Երևանի տոնի հետ կապված որևէ միջոցառման չէի՞ն մասնակցելու: «Ոչ» եղավ պատասխանը:
Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ տոնն էլ անցկացնելու են մանկատանը` «մենք ու մենք» սկզբունքով:
Իսկ ահա հաստատության տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, նախ, հիշեցրեց, որ «Մարի Իզմիրլյանը» վերակազմավորվել է հատուկ կարիքներով երեխաների խնամքի կենտրոն, ինչը նշանակում է, որ սաների 90 տոկոսից ավելին ծանր վիճակի հատուկ կարիքավոր երեխաներ են և միայն 12 երեխա ունեն, որ քայլող են: Նա նույնպես նշեց էքսկուրսիայի մասին, բայց դեպի Օշական չէ, այլ Գառնի-Գեղարդ, հետո ասաց, որ այդ էքսկուրսիայի նախաձեռնողները` Արգավանդի Սրբ.Սարգիս եկեղեցու հոգևորականը զգուշացրել է, որ եթե էքսկուրսիան չստացվի ճանապարհների ծանրաբեռնվածության առումով, ապա գուցե երեխաների հետ իջնեն Հանրապետության հրապարակ: Բայց թե ինչպես ի վերջո կավարտվի խնամքի այս հաստատության երեխաների համար տոնը` դեռ պարզ չի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները