«Վաշխառուները զգաստացնող մը պիտի ըլլա՞յ». Սիրիահայերի համար վարձով տները շուկայականից թանկ են արժենում
Երևանում վարձով բնակարանների գները շուկայականից ավելի բարձր արժեք են ունենում Հայաստան եկած սիրիահայերի համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում բազմիցս ահազանգել են սիրիահայերը: Մարդիկ պատերազմի ու կրակի մեջ թողել են սեփական տունը, ապաստանել հայրենիքում, բայց այստեղ, արի ու տես, եղած խնդիներին գումարվում է բնակարանի բարձր գինը:
Արդեն մեկ տարի Երևանում ապրող Նորայի ընտանիքն այս խնդրի առաջ չի կանգնել, բայց ծանոթների ու հարազատների մեծ մասին նման վատ անակնկալներ մատուցել են: «Երբ գործակալներն իմանում են, որ հաճախորդը Սիրիայից է եկել, տան վարձը մոտ 50 դոլարով թանկացնում են: Ինձ համար հեշտ էր, մի մորաքույր ունեմ, որ վաղուց գաղթել է Հայաստան: Չարենցավանում է ապրում: Նրա բարեկամը պետք է իր տունը վարձով տար, ես վերցրեցի: Բայց այդ գործակալները, որ մարդկանց տանում են տունը տեսնելու, նախապես ասում են, օրինակ, վարձը 300 դոլար է, բայց հենց այնտեղ իմանում են, որ սիրիայից են եկել, այդ 300-ը դառնում է 350 կամ 400: Հիմա ոչ ոք չի կարող այդ գործակալին կամ տան տիրոջն ասել` ես լսել եմ, կամ գիտեմ, որ այդքան չէ արժեքը, բան չի փոխվի: Կամ լավագույն դեպքում, մի բան դուրս կգա: Իսկ շատերն այդ մասին նախապես չեն էլ իմանում, ուզած-չուզած ինչ գին ասեն, տալիս են»,- Panorama.am-ին ասաց Նորան:
Հայաստան եկած հալեպահայ Սոսին ավելի վաղ մեզ պատմել էր, որ իրենք էլ են նման խնդրի առաջ կանգնել: «Որ գնում էինք տուն վերցնելու, առաջինը երբ լսում էին, որ Սիրիայից ենք եկել, ավելի էր թանկանում տան վարձը: Եթե 300 դոլար էր, 350-ով էին տալիս: Եթե մենք գումար ունենայինք, կտայինք, բայց պատերազմից փախած, սեփական տունն անտերության թողած եկել էինք ու առանձնապես շատ փող չունեինք: Կամ, երբ լսում էին, որ երեխաների հետ էինք, չէին տալիս տունը, ասում էին երեխաները կփչացնեն»,- ասել էր նա:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հալեպահայերի էջում էլ Սոսիի պատմությանը Սիրվարդ Սաբունջյանն այսպես էր արձագանքել. «Կը զգամ և կը ցաւակցիմ դժուար վիճակներու մէջ գտնուող սուրիահայերուն հետ: Ճիշդ է, որ բախտաւոր են անոնք, որոնք կրցան Հայաստան ապաստանիլ և վայելել ֆիզիքական ապահովութիւն և այլ բարիքներ, բայց ինչու՞, մէկը կրնա՞յ բացատրել թէ ինչու՞ հայրենաբնակ մեր հայրենակիցները սուղցուցին (թանկացուցին) տուներուն վարձքերը և գիները...: Կը յուսամ, թէ ոեւէ մէկը չ'ըսեր, որ այս այսպէս չէ: Այս վաշխառուները զգաստացնող մը պիտի ըլլա՞յ արդեօք...»:
Իրավիճակը, ցավոք, հեշտ լուծվող չէ, այս հանգույցում չկա հստակ պատասխանատու: Միայն կարելի է ապավինել մարդկանց խղճին և ազնվությանը: Ուղղակի հարկավոր է հիշել, որ մարդիկ պատերազմի ճիրաններից են փախել, շատերի տունն ավերակ է դարձել, ապրուստ դժվարությամբ են վաստակում: Շատ սիրիահայեր էլ կարողացել են միայն հագուստ ու առաջին անհրաժեշտության իրեր բերել:
Նյութեր թեմայով`
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Քաշաթաղում սիրիահայ 25-30 ընտանիք է ապրում. Նրանց մի մասը բնակարանի է սպասում
«Աշխատանք էլ չգտնեմ, չեմ գնա Հայաստանից». Սիրիահայերի համար կազմապերպված աշխատանքի տոնավաճառ