Մեծ փոսեր հենց շենքի մուտքի դիմաց. «Դուք հրապարակեք, եթե հարկ լինի, մենք կանդրադառնանք» (Լուսանկարներ)
Մինչ երևանյան կենտրոնական փողոցներն ակտիվությամբ ամեն տարի ասֆալտապատում են, շատ շենքերի մուտքեր, ծայրամասային փողոցներ տարիներ շարունակ անմխիթար ու անաբարեկարգ վիճակում են մնում:
Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 1 հասցեում գտնվող շենքի բնակիչները Panorama.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ շենքի մուտքի մոտ գտնվող դիտահորերի կողքերին հսկայական փոսեր են առաջացել: Դրանցից մեկն էլ հենց ավտոտնակներից մեկի մուտքի մոտ է:
«Ամեն անգամ մեքենայով փոսն ընկնելիս, մեքենայի մի մաս շարքից դուրս է գալիս, հետն էլ փոսն ավելի է խորանում»,-ասաց շենքի բնակիչներից մեկը:
Ճիշտ է, փոսերից ոչ մեկի մեջ դեռ մարդ չի ընկնել, բայց դրանց` օր օրի մեծացող չափերից դատելով, ընկնողը կարող է լուրջ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել:
«Երևան Ջուր» ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, թե հստակ չեն կարող ասել, տվյալ հասցեում գտնվող դիտահորերի ու դրանց հարակից տարածքների վերանորոգումն իրենց պարտականությունների շրջանակո՞ւմ է, թե՞ ոչ:
«Մինչև մարդ չուղարկենք, չենք կարող ասել: Գուցե համատիրության է պատկանում, գուցե մեր սպասարկման տիրույթում է: Դուք հրապարակեք, եթե հարկ լինի, մենք կանդրադառնանք»,-այսպես արձագանքեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը:
Ի դեպ, քաղաքային իշխանությունների, առողջապահության նախարարության, «Երևան Ջուր» ընկերության ի գիտություն նշենք, որ մայրաքաղաք Երևանում կան փողոցներ, որոնք ընդհանրապես զրկված են կոյուղատար համակարգից ու բնակիչները հարցը լուծել են` ով ինչպես կարողացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները