2014-ին նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին` 55 հազար, 2016-ին 62.5 հազար դրամ. Նոր նախագիծ
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրա հետ միասին ներկայացված մի քանի օրենքներում փոփոխությունների կատարելու մասին նախագծերի փաթեթով կառավարությունը պատրաստվում է բարձրացնել քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին:
Նշենք, որ օրենսդրական փաթեթով ներդրվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ: Եթե մինչ այժմ պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատողների վարձատրությունը կանոնակարգվում էր առանձին օրենքերով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է աշխատավարձերի հաշվարկման միասնական սկզբունք ՝ բոլորի համար: Ըստ նախագծի՝բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը:
«Չեն աճի մասնավորապես, այն աշխատավարձները, որոնք, ըստ սանդղակի, կլինեն ավելի բարձր, քան նրանց համար ասենք համապատասխան տեղն է: Ենթադրենք Վերահսկիչ պալատի աշխատողների աշխատավարձերը կսառեն մի որոշ ժամանակ և հետո երբ իրենք նույնպես կընկնեն սանդղակի մեջ, դրա մեջ տեղավորվելու պարագայում իրենք կաճեն: Դա վերաբերում է նաև այլ անկախ հանձնաժողովների, որոնք հիմա ունեն բարձր աշխատավարձ, երկու-երեք տարի նրանց աշխատավարձերը չեն աճի, բայց հետո երբ նրանք տեղավորվեն սանդղակի մեջ, ապա նրանց աշխատավարձը համապատասխանաբար կաճի», -աշխատավարձի աճի տրամաբանությունը բացատրեց Վաչե Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի աճին, ապա աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց, որ 2014-2016 թթ միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2017 թվականին դարձնել 70 հազար դրամ: Մինչ այդ, սակայն, 2014 թվականին նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին` 55 հազար, 2016-ին 62.5 հազար դրամ: Համապատասխանաբար կբարձրանա անվանական աշխատավարձը` 50 հազարի դեպքում այն կկազմի 60 հազար դրամ, 55 հազարի դեպքում` 72 հազար դրամ, 62.5-ի դեպքում` 80 հազարից ավել, իսկ 70 հազարի դեպքում անվանական աշխատավարձը կկազմի 90 հազար դրամ:
Նկատենք, որ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով: Հարցի քննարկումն այսօր ընդհատվեց խորհրդարանական հայտարարություններով և կշարունակվի վաղվա քառօրյա նիստում: