Ռ. Կիրակոսյան. Հայաստանը ոչ ասաց Եվրամիությանը, այլ ոչ թե այո Մաքսային միությանը
«Տարածաշրջանում Հայաստանը առավել կայուն երկիր է, քան իրեն շրջապատող պետությունները: Սակայն այդ առավելությունը վտանգի տակ է: Հայաստանի նախագահը դեռևս չի բացատրել Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման հանգամանքները, Ռուսաստանը նույնպես չի բացատրել, թե ինչպես և երբ է Հայաստանը միանալու Մաքսային միությանը: Խնդիր է հարուցում այն, թե ինչպես ընդունվեց այդ որոշումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Վիլնյուսի գագաթաժողովից առաջ տարածաշրջանային զարգացումներին, նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա դիտարկմամբ` երեք հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել այդ որոշման ընդունումից հետո: Նրա խոսքով` առաջինն այն է, որ Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ հակված չեն Հայաստանին ընդունել Մաքսային միության շարքերը: Երկրորդը տնտեսական բնույթ ունի, երբ օտարերկրյա ներդրողները որոշակի հիասթափություն ապրեցին, քանի որ նրանք կցանկանային ներդրումներ անել Եվրամիության հետ սերտ կապեր ունեցող պետությունում, այլ ոչ թե Մաքսային միության: Երրորդն, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նրանով, որ դեռևս վստահություն չկա, թե Հայաստանը կանդամակցի՞ արդյոք Մաքսային միությանը:
«Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև հանդիպումն ուղղված էր նրան, որ Հայաստանն ավելի շատ ոչ ասի Եվրամիությանը, քան այո` Մաքսային միությանը: Հայաստանի նախագահը շախմատասեր է, և եթե շախմատային տերմինաբանությամբ խոսենք, ապա Հայաստանը շախմատի տախտակի վրա զոհաբերված զինվոր է: Դեռ հստակ չէ, թե ինչ շահ և օգուտներ կունենա Հայաստանը Մաքսային միությունից: Սա հարված էր Հայաստանի ինքնիշխանությանը»,- ասաց բանախոսը:
Միևնույն ժամանակ քաղաքագետը փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, սակայն քննադատելի համարեց այդ հարաբերությունների առկա բնույթը, անհամաչափությունը և վստահության պակասը: