Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Սպիտակ տանը կոչ է անում ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ANCA) Սպիտակ տանը կոչ է անում ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը: Այս մասին տեղեկացնում է ANCA-ի պաշտոնական կայքը:
Օբամայի վարչակարգի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը սատարելու հարցում նոր հարթություն է բացահայտվել «Washington Post»-ի հրապարակումից հետո, որի համաձայն՝ Սպիտակ տան պահոցներում պահվում է գորգ, որը գործել են Ցեղասպանությունից փրկված հայ որբերը և նվիրել ԱՄՆ նախագահին: Այժմ Սմիթսոնյան թանգարանը ցանկանում է ցուցադրել գորգը, իսկ Սպիտակ տունը հրաժարվում է տրամադրել այն:
Սկզբում Սպիտակ տունը համաձայնել է, սակայն հետո անհասկանալիորեն կտրուկ հրաժարվել:
Գորգը նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին 1920-ականներին՝ ի նշան ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության հանդեպ հայերի երախտիքի, ինչը փաստված է նաև լուսանկարով:
Կոչը կարելի է հղել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի «SmartMail»-ով՝ պարզապես հավաքելով ձեր փոստային կոդը, և սեղմելով՝ go: Դրանից հետո պետք է լրացնել ձեր անունը, հասցեն և էլեկտրոնային փոստը: