«Ամբողջ աշխարհում գիտեն հայ ոսկերչի ուժը»… Երևանում ստեղծվում է ոսկերչակական ազատ տնտեսական գոտի
«Հայ ոսկերիչները մեծ հարգանք են վայելում ամբողջ աշխարհում: Նրանց ստեղծած գործերը լավագույններն են: Հայ ոսկերիչները լավագույն աշխատավորներն են: Ընդհանրապես, մենք՝ հայերս, հարգված ենք Եվրոպայում որպես լավագույն օտար գաղութ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայ ոսկերիչների համաշխարհային միության վարչության քարտուղար Հովել Շնորհոկյանը (Ֆրանսիա):
Նա Երևան է եկել մասնակցելու «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագրով համաժողովին, որը կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը: Նշենք, որ միությունը Հայաստանում կազմակեպել է նաև ոսկերչական երրորդ միջազգային ցուցահանդեսը՝ «Երևան շոու-2013»:
«Մենք երրորդ անգամ կազմակերպեցինք միջազգային ցուցահանդես, որին մասնակցում են 22 երկրից հայ ոսկերիչներ: Կան նաև օտարազգի ոսկերիչներ, ինչը մեզ ավելի է ուժեղացնում: Մենք ձգտում ենք հասնել նրան, որ համաշխարհային ցուցահանդես կազմակերպենք, բայց հիմքը, իհարկե, լինեն հայ ոսկերիչները»,- ասաց Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը: Նա ուրախությամբ արձանագրեց, այս տարի ցուցահանդեսին կրկնակի անգամ ավել ոսկերիչներ են մասնակցում, ավելացել են նաև գնորդները:
Ներկայացնելով համաժողովի ընթացքում քննարկված հիմնական թեմաները, Գ. Գևորգյանն ասաց, որ ամենակարևորը ազատ տնտեսական գոտու ծրագիրն է, որի ուղղությամբ աշխատել են 3 տարի: «Երեկ ստորագրեցինք վերջին փաստաթուղթը՝ դառնալով 50 հազար քմ շենքի սեփականատեր (Հրազդանի կիրճ): Ազատ տնտեսական գոտում ստեղծվելու են ոսկերչական ֆաբրիկաներ: Ներդրումներն անելու են դրսից եկած ոսկերիչները»,- ասաց նա:
Ըստ Գ. Գևորգյանի, այդ տարածքում նախկինում եղել է ֆաբրիկա, սակայն 25 տարի է չի աշխատել: Այսօրվանից սկսվել են վերականգնման աշխատանքները: Հավանաբար աշխատանքները կավարտվեն 3-4 ամսից: «Վերանորոգման աշխատանքների ավարտից ու ազատ տնտեսական գոտու լիազորություններ ստանալուց հետո մենք կսկսենք մեր գործունեությունը: Ոսկերիչները պատրաստ են գալ Հայաստան: Մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել համաշխարհային ոսկերչական կենտրոն»,- նշեց Հայ ոսկերիչներ համաշխարհային միության նախագահը:
Ինչ վերաբերում է հայկական ոսկերչական ավանդույթներին, Գ. Գևորգյանի խոսքով, հայ ոսկերչական արվեստի 1000-ամյակների ավանդույթները նոր շունչ են ապրում: «Հայ ոսկերիչներն իրենց ստեղծագործություններում պահպանում են հին հայկական օռնամենտները, գիտեն մեր պապերից եկած գաղտնիքները ու հետևում են դրանց, ինչն էլ մեր հաջողության գրավականն է: Մեր ոսկերիչների գործերը շատ լավ են վաճառվում»,- նշեց նա՝ հավելելով, որ հայ ոսկերիչները հարգված են ամենուր, քանի որ բոլորն էլ գիտեն հայ ոսկերչի ուժը, հայկական ոսկերչական պատմական մշակույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին