Ինչո՞ւ ԱՄՆ-ն Ցեղասպանության ժամանակ որբացածների գործած գորգը ցուցադրության չտրամադրեց. ենթադրություններ կան, թե դրսից ճնշում կա
Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած աղջնակների գործած «Ղազիր» գորգը, որ ժամանակին նվիրաբերվել է ԱՄՆ նախագահին, Սպիտակ տունը հրաժարվել է տրամադրել թագարաններ և հետազոտական կենտրոններ միավորող Սմիթսոնյան ինստիտուտի` դեկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառման ցուցադրությանը: Այս քայլը որոշ շրջանակներում մեկնաբանվեց որպես քաղաքական:
Հայկական գորգերի միության փոխնախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում, որ քաղաքական ինչ-որ դրդապատճառներ փակեն մարդասիրական կողմը: «Գորգը, որ հյուսված է վաճառելու համար, և գորգը, որ հյուսված է շնորհակալություն հայտնելու համար, այն էլ՝ ամերիկացի ժողովրդին, բոլորովին տարբեր բաներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ասուլիսին ներկա Հայ մշակութային հիմնարկության տնօրեն Արա Ղազարյանցն իր հերթին նկատեց, որ գորգի ցուցադրությունը չէ, որ կարևոր է, այլ գորգի հետևում կանգնած տվյալները. այն, որ գորգը հայ որբերն են գործել, որտեղից և երբ են եկել նրանք, ինչի հետևանքով են որբացել և այլն:
Panorama.am-ի հարցին` ինչպե՞ս են իրենք մեկնաբանում ԱՄՆ Սպիտակ տան մերժումը, արդյո՞ք դրա տակ կա Թուրքիային գոհացնելու քաղաքական ենթատեքստ, Արա Ղազարյանցը պատասխանեց. «Մեզ ուղղված նամակում պատճառներ չեն նշել, պարզապես ասում են, որ չի տրամադրվելու: Բոլոր մանրամասները ճշտված էին, մենք գիտեինք, որ տրամադրվելու է: Մտածելու տեղիք է տալիս, ենթադրություններ կան, թե դրսից ճնշում է: Իսկ հիմնական որևէ պատճառ ներկայացված չէ: Արդեն կան բազմաթիվ լրագրողներ, ովքեր հարցականի տակ են դնում, թե ինչ պատճառով կարող է ցուցադրությունը արգելված լինել»:
Արա Ղազարյանցը տեղեկացրեց, որ Հայ դատի հանձնախումբը դիմել է տարբեր կոնգրեսականների, որպեսզի Սպիտակ տունը թույլատրի այս գորգի ցուցադրությունը: Նաև էլեկտրոնային ստորագրահավաք է սկսված, մինչև նոյեմբերի 24-ն անհրաժեշտ է հավաքել մոտ 100 հազար ստորագրություն: «Բայց միայն 758 ստորագրություն է հավաքվել: Սա շատ ամոթալի երևույթ է»,- ասաց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հավելեց, որ մշակութային եղանակներով պիտի փորձեն հասնել նրան, որ գորգը ցուցադրվի, քանի որ դա նախևառաջ մարդասիրական և մշակութային հարց է:
Հավելենք, որ «Ղազիր» գորգը 1925 թ. նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտագիտություն Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ ժողովրդի կողմից հայ որբերին տրամադրված օգնության: Իսկ դեկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառմանը, որին «Ղազիր» գորգը չի ցուցադրվի, մաս է կազմելու Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գործած գորգը» գրքի շնորհանդեսը:
Նախորդիվ`
Քենիքոթ. «Որբերի գորգը» ներկայացնում է Հայոց ցեղասպանության դեպքերը, իսկ ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում շոշափել այդ թեման
Շիֆ. Անհանգստացնող է այն, որ որբերի գորգը կարող է փակ դռների հետևում մնալ