44 ստորագրությունները կան. Հանրապետական խմբակցությունը չի տապալի արտահերթ նիստը
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ` 44 ստորագրությունները: Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը սահմանվում է Ազգային ժողովի կողմից 2010-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, ըստ որի 2011-ից գործում է կուտակային համակարգի կամավոր բաղադրիչը, իսկ 2014-ի հունվարի 1-ից նախատեսվում է պարտադիր բաղադրիչի ներդրումը: Օրենքի կիրառմանը մնացել է մի քանի ամիս, բայց «Facebook» սոցիալական ցանցում լայն դժգոհություն էր սկսվել, և անսալով քաղաքացիների մտահոգություններին ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը պատրաստակամություն էր հայտնել խորհրդարանում այդ թեմայով արտահերթ նիստ անցկացնել:
Իր հերթին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի տապալի ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների նախաձեռնությունը՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին:
«Ուզում են քննարկել, թող քննարկեն, որևէ խնդիր չկա»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն ստորագրահավաքին չի միանա, բայց արտահերթ նիստին կամասնակցի, որպեսզի քվորում ապահովվի:
«Իրենք բոլորը միացել են իրար, իրար հետ բոլորը միասին 53 հոգի են, կարող են 44 ստորագրություն հավաքել նիստի համար: Իրենք մտածում էին, որ քննարկմանը մենք չենք մասնակցի, քվորում չէր ապահովվի, բայց իհարկե մենք կմասնակցենք, մարդիկ ուզում են քննարկել, թող քննարկեն, ի՞նչ է պատահել»,- վստահեցրեց Գալուստ Սահակյանը:
Նախորդող հրապաարկումներ.
Մտածում ենք երիտասարդների բարեկեցության մասին, իսկ իրենք բողոքո՞ւմ են. Պատգամավորը՝ պարտադիր կուտակային համակարգի մասին
Է.Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը