«Բիբին, հեռացիր». ՀԷՑ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դիմաց այսօր առավոտից մի շարք աշխատակիցներ, որոնք պնդում են, որ իրանց հեռացրել են աշխատանքից, բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով մասնավորապես «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի և ընկերության ֆինանսական տնօրեն Սազոնովի հրաժարականը:
Panorama.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրանց` «Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտի» շուրջ տասը աշխատակցի, տեղեկացրել են, որ ազատված են աշխատանքից և որ նրանց փոխարեն արդեն նոր աշխատակիցներ են ընդունել աշխատանքի:
Panorama.am-ի հետ զրույցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ ամբողջ աղմուկը ու բողոքը ժամանակավրեպ է, քանի որ խոսքը ընկերության կառուցվածքային փոփոխությունների մասին է, իսկ դրանք դեռ քննարկման փուլում են. «Աշխատանքից հեռացման որոշում այս պահին չկա, ազատման ոչ մի թուղթ չի տրվել, ընդամենը քննարկվում են փոփոխությունները»,-ասեցին հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարցին` կառուցվածքային փոփոխություններ նշանակում է, որ կրճատում կլինի, ընկերության ներկայացուցիչը չմերժեց նման հեռանկարը. «Որոշ աշխատանքների ավտոմատացման հետևանքով հնարավոր են կրճատումներ, բայց այս պահին դեռ շատ շուտ է խոսել դրա մասին»,- ավելացնել նա:
Նշենք, որ քիչ առաջ բողոքողներին էր մոտեցել ընկերության անվտանգության ծառայության ներկայացուցիչը, որի հետ զրույցից հետո բողոքողները շարունակեցին վանկարկել. «Բիբին հեռացիր»: