Երթևեկության կանոնների համար սահմանված տուգանքները կրճատել հինգ անգամ. ՀԱԿ-ն է առաջարկում
Արագաչափերն ու տեսախցիկները ոչ մի դրական արդյունք չեն արձանագրել: Նման եզրակացության է եկել ՀԱԿ կուսակցությունն ու ներկայացրել մի քանի առաջարկություններ:
«Ավտոճանապարհներին և Երևանի փողոցներում տեղադրած արագաչափերը, տեսախցիկները և վճարովի կանգառները, որ, իբր, կոչված են նպաստելու անվտանգ երթևեկության ապահովմանը, ըստ պաշտոնական վիճակագրության, ոչ մի նմանօրինակ դրական արդյունք չեն արձանագրել, ընդհակառակը՝ վերջին 4 տարում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանցում զոհերի թիվը տարեցտարի աճել է։ Դրանք իրականում, տուգանքների սահմանված անհիմն բարձր դրույքաչափերով, գործում են որպես ժողովրդին թալանելու լրացուցիչ մեխանիզմներ։ Անհասկանալի պայմաններով կնքված պայմանագրերը մասնավոր ընկերությունների հետ, վերջիններիս հնարավորություն են տվել տասնյակ միլիոնավոր դոլարի շահույթ ստանալ։ Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ հիշյալ ընկերությունները, ըստ լրատվամիջոցների չհերքված տվյալների, պատկանում են բարձրագույն իշխանավորների մերձավորներին, ակնհայտ է դառնում, որ հիշյալ միջոցառումներն իրականում մտահղացվել և ներդրվել են հենց որպես գերշահութաբեր բիզնեսներ։
Նկատի ունենալով վերոշարադրյալը, ինչպես նաև հասարակության մեջ առաջացած արդարացի դժգոհությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր ծրագրերի մեջ է ներառում տվալ ոլորտի կարգավորման խնդիրները, մասնավորապես.
1. Վերացնել Երևանում վճարովի ավտոկանգառները, որոնք կարմիր գծանշումներով առանձնացվել են մայթեզրերին, փողոցների երթևեկելի այն հատվածներում, որտեղ ըստ ճանապարհային երթևեկության կանոնների արդեն իսկ թույլատրելի է անվճար կայանելը։
2. Երթևեկության կանոնների համար սահմանված տուգանքները կրճատել հինգ անգամ, քանի դեռ հասարակության միջին կենսամակարդակը և աղքատության տոկոսը համեմեմատելի չեն դարձել ևրոպական միջին չափանիշներին։
3. Երթևեկության կանոնների խախտումների տուգանքներից գոյացած գումարի 70 տոկոսը մուտքագրել պետական բյուջեի հատուկ հաշվեհամար և այն որպես սուբսիդիա տրամադրել ներքաղաքային ուղևորափոխադրումները 100 դրամ և միջքաղաքային փոխադրումների սակագները հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները