Արմեն Մազմանյան. «Մենք ազատության ձեռքը կրակն ենք ընկել՝ չգիտենք ջեբներս կոխենք, հարևանի գլխին տանք, աղջիկ բռնաբարենք»
«Մենք ունենք այն իշխանությունը, Ազգային ժողովը, ինչին արժանի ենք: Ով բողոքում է այս իշխանությունից, փսևդոընդդիմադիր է, խաբում է: Նա էլ եղել է նույն խաղի մեջ, եթե ասում է հանուն ազգի, ստում է, միայն մեկ գիտակցություն ունի՝ ինչո՞ւ Մազմանյան Արմենը ռեկտոր լինի, ես իրենից լավ կլինեմ: Չեմ ուզում բարձրացնել պաշտոյաների սանդղակը, բայց բոլորի մոտիվացիան մեծամասամբ շատ սուբյկետիվ է, էգոցենտրիկ, նյութական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկումներ արեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը:
Խոսելով վերջին շրջանում կատարված քաղաքական գործընթացների մասին, նա նշեց, որ ոչ թե պետք է քննարկել՝ «գազի, թե Եվրոպայի թղթի ստորագրումն էր ճիշտ, այլ անել այն, ինչ պետք է անել:
«Երբ ասում ենք ինտեգրվենք աշխարհի հետ, բայց Եվրոպայի թուղթը չստորագրեցինք, այլ ստորագրեցինք գազի թուղթը` երևույթի սխալ ընկալումից է: Այսօրվա պայմանները, ազատությունը, սահմանների բաց լինելն ընձեռում է ինտեգրվելու հնարավորություն: Այդ թղթերը չեն, որ պետք է ասեն «բոլորն ազատ են, բոլորը բիսեքսուալ են»: Ամեն մարդու ազատությունն իր մեջ է: Բիսեքսուալ ես, գնա տանդ բիսեքսուալ եղիր, ինչ գործ ունես այդ խեղճ ու կրակ գյուղում միտինգ ես անում: Մենք ազատության ձեռքը կրակն ենք ընկել՝ չգիտենք ջեբներս կոխենք, հարևանի գլխին տանք, աղջիկ բռնաբարենք: Չգիտենք՝ որն է ազատությունը»,- բացատրեց Ա. Մազմանյանը:
Իսկ ասուլիսին ներկա կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ասաց. «Սովետի ժամանակ շատ ավելի ազատ մարդ էի: Այն ժամանակ ինչ ուզում կարդում էինք, ինչ ուզում լսում էինք»: