ԼՂՀ նախագահը համանախագահների հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցման մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/ և նրանց ուղեկցող անձանց: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների խաղաղ կարգավորումը և ուժային տարբերակների բացառումը:
Նախագահ Սահակյանը գործընթացի առանցքային նախապայմաններից է համարել պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը և Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցումը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: