«Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք սոված է քնում»
«Պաշտոնական տվյալներով, Հայաստանում ընտանիքների 37 տոկոսն աղքատ է, որից 7 տոկոսը` չքավոր: Սակայն մեր տվյալներով, Հայաստանում աղքատների թիվը հասնում է 47 տոկոսի: Սրանք 2012 թվականի տվյալներն են»,- այս թվերն ասուլիսում ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ այսօր Աղքատներին օգնության միջազգային օրն է:
Ըստ նրա, Հայաստանի բնակչության 20 տոկոսն իրեն համարում է աղքատ, այսինքն սա սուբյեկտիվ աղքատությունն է` «որ ասում են, ուզում եմ այստեղ գնալ, բայց չեմ կարողանում, ուզում եմ սա գնել, բայց չեմ կարողանում»:
Ա. Ադիբեկյանը նշեց, որ 47 տոկոս աղքատների 10 տոկոսը սոված է պառկում քնելու, իսկ 37 տոկոսը կարողանում է լուծել սննդի հարցերը: «Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է քնում»,- ընդգծեց սոցիոլոգը: Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանի բնակչության կեսը բանկերում ունի ավանդ` միջինը 1000 դոլար:
Ա. Ադիբեկյանի ներկայացմամբ, Հայաստանում ամենաբարեկեցիկ մարզը Սյունիքն է, այնտեղ աշխատողների թիվը մեծ է, իսկ ամենավատ վիճակում Տավուշի մարզն է ու սահմանամերձ գյուղերը, որտեղ շուկա չկա արտադրանքը վաճառելու համար, իսկ հեռու շուկաներ տանելը եկամտաբեր չէ:
Սոցիոլոգի կարծիքով, Հայաստանում աղքատության շեմը հաղթահարելու ամենաառաջնային պայմանն է` բացել երկու տասնյակ հզոր գործարաններ, որոնց շուրջը կձևավորվի փոքր և միջին բիզնեսը: Այսինքն, բանախոսի դիտարկմամբ, Հայաստանում միայն աշխատելու միջոցով մարդ կարող է ապահովել իր տնտեսական խնդիրները, իսկ պետության կողմից տրվող նպաստները չնչին են. ամսական 29 հազար դրամ պետական նպաստ է ստանում 100 հազար աղքատ ընտանիք, աղքատության գինն է` մեկ շնչին 21 հազար դրամ: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում աղքատության շեմը գյուղում ու քաղաքում նույն է` 32 տոկոս:
ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում բնակվում է 2,5 միլիարդ աղքատ մարդ, որից 1 միլիարդը չքավոր է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան