… Իսկ պետությունը համառորեն շարունակում է մերժել խնամատար ընտանիքի ինստիտուտը
2005 թ-ին ընտանիքի սոցիալական ծանր պայմանների հետևանքով 10-ամյա Աննա Հայրապետյանը հայտնվել է Գավառի մանկատանը: Կյանքի դառնություննները դեռ մանուկ հասակից ճաշակած աղջնակն իր տխուր անցյալից կարողացել է բաժանվել միայն բարի մարդկանց շնորհիվ` 2006 թ-ին նրան խնամատարության է վերցրել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Նաջարյանների ընտանիքը, որն ունի չորս դուստր և մեկ որդի, և որտեղ Աննան ապրել է 9 տարի` լիովին կապվելով իր նոր ընտանիքի հետ, իրեն զգալով այդ ընտանիքի լիիրավ անդամը:
Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ տարիների ընթացքում Աննան ավարտել է Ծովազարդի միջնակարգ դպրոցը, ապա մասնագիտական կրթություն ստացել Գավառի գյուղատնտեսական քոլեջում: Այս փետրվարին Աննայի խնամատարության ժամկետը լրացել է` աղջիկն արդեն չափահաս է: Բայց Աննան չհայտնվեց փողոցում, ճակատագիրն այս անգամ էլ իր նկատմամբ բարեհաճ գտնվեց և դեկտեմբերի 14-ին նա ամուսնացավ Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի բնակիչ Դավիթ Խաչատրյանի հետ:
Հիշեցնենք, երկու տարի առաջ ՄԻՊ-ի կողմից ներկայացված «Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակը» վերլուծությունում մշվում է, որ UNICEF-ի աջակցությամբ կատարված ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր եղավ ցույց տալ, որ խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը Հայաստանում ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան օրինակ մանկատներում երեխաների համար հատկացվող գումարների չափը: Այսպես` ըստ կատարված հետազոտություննրի մանկատներում պետության կողմից յուրաքանչյուր երեխայի համար հատկացվում է մոտավորապես 3800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մինչդեռ խնամատար ընտանիքների դեպքում այն կազմում է 2800 դոլար: Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, ակնհայտ է դառնում, որ խնամատար ընտանիքի ինստիտուտը արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում երեխայի մի շարք կարևոր իրավունքների պաշտպանության համար: Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ այստեղ խոսքը երեխաների այնպիսի խոցելի խմբի մասին է, որոնք ինչ-ինչ պատճառներով զրկված են ընտանիք ունենալու, ծնողական խնամք և հոգատարություն զգալու, առողջ մթնոլորտում մեծանալու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով պետության խնդիրը այստեղ ոչ միայն հիշյալ ինստիտուտի ներդրումն է, այլև դրա զարգացման և կիրառման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և դրանց գործածության նկատմամբ վերահսկողության սահմանումը:
Այնուամենայնիվ, 2007թ-ից մինչ օրս խնամատար ընտանիքների թիվը Հայաստանում չի ավելացել:
Հիշեցնենք նաև, որ 2006թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-10թթ. ռազմավարությունը», որով սահմանված հիմնական նպատակներին հասնելու համար կազմակերպվող միջոցառումների շարքում էր նաև խնամատար ընտանիքների ինստիտուտի ստեղծումը: Դրա հիմնական նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է: Խնամատար ընտանիքների ներդրման ծրագիրը սկսվել է իրականացվել 2006-07թ-ից, երբ UNICEF-ի ֆինանսավորմամբ ընտրվեցին 20 խնամատար ընտանիքներ: Եվ քանի որ իրականացված փորձը հաջող էր, 2008թ-ի մայիսի 8-ին ընդունվեց «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխային պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» կառավարության որոշումը, որով կարգավորվում էր հիշյալ ողջ գործընթացը: Սակայն այն բանից հետո, ինչ գործընթացն ամբողջությամբ ստանձնեց կառավարությունը, Հայաստանում խնամատար ընտանիքների թիվն այդպես էլ չավելացավ և 2014թ-ի պետական բյուջեի նախագծով էլ չի ավելանալու:
…. իսկ պետությունը հետևողականորեն շարունակում է մերժել խնամատար ընտանիքի ինստիտուտը: