Գեղարքունիքի կանայք «թամբա՞լ են»
Հայաստանի մարզերից Շիրակն ու Գեղարքունիքը համարվում են ամենից շատ արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ապահովող մարզերը. այս մարզերի տղամարդկանց մեծ մասը տարվա այս գլխից մյուսը Հայաստանում չեն: Սակայն, թե մեկում և թե մյուսում այդ վիճակագրությունը ամենևին էլ չի ազդում ՏԻՄ-երում կանանց թվի ավելացման վրա: Ճիշտ է, ինչպես պարզեցինք, Գեղարքունիքն ավելի «լավ» ցուցանիշներ ունի, քան Շիրակը` այստեղ գոնե համայնքի երեք կին ղեկավար կա, որոնցից մեկը` Գեղաքար համայնքի ղեկավար ընտրվել է ուղիղ մեկ շաբաթ առաջ: Բայց ընդհանուր առմամբ երկու մարզն էլ, բացի արտագաղթի բարձր ցուցանիշներից, միավորում է ևս մեկ բան` կանայք այստեղ կառավարման մակարդակում գրեթե չեն երևում:
Գեղարքունիքն ունի 92 համայնք` 5 քաղաքային և 87 գյուղական և միայն 28-ում է, որ կին ավագանու անդամներ կան: Ավագանու անդամների թիվը մարզի կտրվածքով 613-ն է, որից միայն 44-ն են կանայք, իսկ 569-ը` տղամարդ:
Կանայք հիմնականում ներկայացված են փոքր համայնքների ավագանիներում` 5 կամ 7 անդամ ունեցող, իսկ ահա 9, 10 կամ առավել ևս 15 ավագանու անդամ ունեցող համայնքները, նաև մարզի քաղաքային համայնքները, կանանց պակաս են զգում:
Այսպես, Վարդենիսը, Սարուխանը, Նորատուսը ունեն ավագանու 11 անդամներ, սակայն բոլորը տղամարդիկ են, իսկ Սևան քաղաքում ընդհանրապես 15 ավագանու անդամներից ոչ մեկը կին չէ: Այս առումով դրականորեն աչքի է ընկնում Գավառը, որտեղ ավագանու 13 անդամներից գոնե երկուսը կանայք են:
1999թ-ից Խաչաղբյուր համայնքը ղեկավարող Հակոբ Գաբոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ կանայք թամբալ են ու ոչ մի բան էլ չեն անում, որ տղամարդկանց ձեռքից այդ մենաշնորհը վերցնեն` ոչ առաջադրվում են, ոչ էլ քաղաքականության ու կառավարման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում: Ամեն դեպքում իրենց համայնքում, որն ունի ավագանու հինգ անդամ, հինգն էլ տղամարդիկ են, և երբևէ կին իր թեկնածությունը չի առաջադրել ՏԻՄ ընտրություններում.
«Մեր կանայք թամբալ են, չեն առաջադրվում: Բայց ես կանանց շատ եմ սիրում, ու մեծ հաճույքով նրանց հետ կաշխատեմ, էն էլ չեն առաջադրվում, է»,- նեղսրտեց Խաչաղբյուրի ղեկավարը ու անգամ առաջարկեց մեզ առաջադրել մեր թեկնածությունը հաջորդ ընտրություներում:
Նախորդիվ`
Ինչո՞ւ արտագաղթի ցուցանիշներով առաջատար Շիրակի մարզի ՏԻՄ-երում կանայք «դեֆիցիտ են»
«Խառնվածքով» բազմազան Արագածոտնի մարզը շարունակում է մնալ տղամարդկանց տիրապետության տակ
Սյունյաց կանայք ՏԻՄ-երում. Համայնքներ կան, ուր ավագանու անդամները բացառապես կանայք են