Շարունակվում է անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ծրագիրը
Այս տարվա հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերամիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է ժամանակավոր կացարան, զրուցել կացարանի շահառուների հետ:
Մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը մեկնարկել է 2011-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Վերամիավորման արդյունքում կացարան է տեղափոխվել ևս 43 շահառու:
«Ծրագրի իրագործմամբ քաղաքապետարանը, ըստ էության, 2 կարևորագույն խնդիր է լուծել: Առաջնահերթ հավաքագրել և ժամանակավոր կացարան, ինչպես նաև սոցիալական տարաբնույթ աջակցություններ է տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անօթևան անձանց։ Եվ երկրորդ. աշխատանքներ են ծավալվել հանցագործությունների սոցիալական կանխարգելման ուղղությամբ, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և ապա անօթևան դարձած անձանց ժամանակավոր կացարանի տրամադրմամբ, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցմամբ, իրավական և խորհրդատվական աջակցություններով, որոնք կրկնահանցագործությունների առումով կանխարգելիչ արդյունավետություն ունեն, և ի վերջո նպաստել են այդ անձանց սոցիալական ինտեգրմանը հասարակական կյանքին» ,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:
Այնուհետ կացարանի աշխատակազմի հետ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2014 թվականին նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները