Շուրջ 40 մլրդ դրամ է 2013-ին ներդրվել Լոռու մարզում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն:
ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինից տեղեկացնում են, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին: Քննարկվել են նաև գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) հետ որոշ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Պատասխանատուները նշել են, որ Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ (ԳՍԿ) են գործում Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում` ընդհանուր առմամբ սպասարկելով շուրջ 15 հազար ֆերմերի: Եւս մեկ ԳՍԿ շուտով կգործի Արարատի մարզի Դարակերտ համայնքում`այգեգործությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար:
ԳՍԿ-ների միջոցով մատուցվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի գյուղատնտեսական ծառայություններ, իրականացվում է խորհրդատվություն: Տեղեկացվել է, որ CARD հիմնադրամը նախատեսում է կառուցել ևս 7 ԳՍԿ՝ երկուսը Գեղարքունիքի մարզում, մեկական`Կոտայքում և Արագածոտնում, ևս երկուսը` Արարատյան դաշտավայրում: 2016 թ-ին CARD հիմնադրամը կտնօրինի արդեն 11 ԳՍԿ:
Փոխվարչապետն այցելել է նաև Տաշիրի տարածաշրջանում գործող «Դուստր Մելանիա» պանրագործական ընկերություն, ծանոթացել է արտադրության պայմաններին: Նշվել է, որ CARD հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը զգալիորեն բարելավել է պանրի որակը, և ներկայումս արտադրանքը նաև արտահանվում է, մասնավորապես` Ռուսաստան և ԱՄՆ: Բացի այդ, ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցմամբ «Դուստր Մելանիա» ընկերությունում հիմնվել է վարպետ պանրագործների դպրոց, որն աջակցում է փոքրամասշտաբ պանիր արտադրողներին`ուսուցանելով պանրագործության հիմնական տեխնիկան:
Փոխվարչապետն այնուհետև Վանաձորում այցելել է Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ, շրջայց կատարել շենքում, ծանոթացել փաստաթղթերի պահպանման և աշխատանքների կազմակերպման պայմաններին: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ մասնաճյուղի ոչ բավարար շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս բնականոն գործունեության ապահովման և ծառայությունների պատշաճ մակարդակով իրականացման համար: Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագրի շրջանակում մասնաճյուղին նոր տարածք է տրամադրվել Վանաձորում, որը վերանորոգելուց և կահավորելուց հետո այնտեղ կտեղափոխվեն պահոցներն ու փաստաթղթերի մշակման, թվայնացման լաբորատորիաները: Տարածքի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:
Ա. Գևորգյանը հույս է հայտնել, որ նոր պայմանների ստեղծումը հնարավորություն կտա բնակչությանն ավելի որակյալ ծառայություններ մատուցել: Նա նաև կարևորել է անհրաժեշտ սարքավորումներով վերազինման և փաստաթղթերի թվայնացման աշխատանքների իրականացումը:
Փոխվարչապետն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում` մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Զեկուցվել է, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 251 միջոցառում, որից կատարվել է 184-ը կամ 72,5 տոկոսը: Մարզում 2013թ. ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 39,7 մլրդ դրամ, որից միայն 33 միլիարդը` արդյունաբերության, ՓՄՁ-ների ոլորտում և մասնավոր հատվածում, քաղաքաշինության ոլորտում կատարվել են շուրջ 2 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 3 մլրդ դրամի, սոցիալական ոլորտում` շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրումներ:
Արձանագրվել է, որ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից առաջնահերթ են մնում մի շարք գյուղական համայնքներում երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման, ինչպես նաև Վանաձորի Քիմպրոմի աշխատանքների լիարժեք ապահովման հարցը:
Նշվել է, որ ձեռնարկված քայլերի արդյունքում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, գյուղացիական նշանակության հողերի օգտագործման դրական դինամիկա է նկատվում, սակայն դեռևս առկա են բնակիչների կողմից չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու գործընթացի հետ կապված չլուծված խնդիրներ: Կարևորվեց նաև մարզի որոշ, մասնավորապես` Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում, հակակարկտային կայանների տեղադրման հարցը:
Տեղեկություններ են ներկայացվել նաև մարզի համայնքներում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Փոխվարչապետը նշելով, որ հունվարի 1-ից «Լոռիջրմուղկոյուղի» ընկերության կառավարումը նոր կոնսորցիում է ստանձնել, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հորդորել է համագործակցել նոր կառավարիչների հետ:
Խորհրդակցությանը ներկայացվել են նաև 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 98.3 %: 2012 թվականի համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 6.9 %-ով կամ 356.534 հազար դրամով: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 98.9 %-ով, հողի հարկի հավաքագրումը` 89.6 %-ով:
Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի և գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ կազմում է շուրջ 58 մլն դրամ, որից միայն Վանաձոր քաղաքի բյուջեի նկատմամբ պարտավորությունը 50, 8 մլն դրամ է: Փոխվարչապետը քաղաքապետներին հորդորեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Նա անթույլատրելի է համարել հատկապես քաղաքային համայնքներում բյուջեների թերակատարումն ու ապառքների կուտակումը և առաջարկեց բյուջեների կատարման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել հենց տարեսկզբից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Վանաձորի քաղաքային իշխանությունները քաղաքի զարգացման նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն կառավարություն:
Փոխվարչապետը կարևորել է նաև մարզպետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ համպատասխան աշխատանքների իրականացումը և ֆինանսական կարգապահության ապահովումը:
Անդրադարձ է եղել նաև մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 113 համայնքից 48-ում, որոնցից 39 համայնք ունի նաև էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն:
Քննարկվել են նաև մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող և ընթացիկ մի շարք այլ հարցեր: