Գոհացուցի՞չ է արդյոք իշխանությունների համար ՏԻՄ-երում ընդամենը 505 կին ավագանու անդամ ունենալը
2013թ-ին Հայաստանի տասը մարզերի ՏԻՄ-երում ընդամենը 505 կին ավագանու անդամ ենք ունեցել: Ավագանու անդամների ընդհանուր թիվը 6164-ն է: Այս թվերը ստացանք բոլոր տասը մարզերի համայնքների ավագանիներն ուսումնասիրելով: Ըստ նույն հաշվարկի` ավագանու տղամարդ անդամների թիվը անցած տարի կազմել է 5659-ը և սա, ինչ խոսք, ահռելի անհավասարության վառ օրինակ է:
Տոկոսային հարաբերակցությամբ պատկերը հետևյալն է. ավագանու անդամների միայն 8.2 տոկոսն են կանայք, իսկ բացարձակ մեծամասնությունը` 91.8 տոկոսը տղամարդիկ: Շա՞տ է արդյոք սա, թե քիչ մի երկրի համար, որը հատուկ քաղաքականություն է որդեգրել այս ոլորտում, գոնե թվացյալ (այլ կերպ չես էլ ասի) հավասարություն ապահովելու համար, կարելի է հասկանալ թվերն ուսումնասիրելով... իհարկե այս թիվը շատ փոքր է և հակասում է սևով սպիտակին գրված բազմաթիվ փաստաթղթերի տրամաբանությանը, որոնց տակ դրված են բարձրաստիճան պաշտոնյաների ստորագրությունները:
Մասնավորապես ու առաջնային` հակասում է 2011թ-ի մայիսին կառավարության ընդունած ՀՀ Գենդերային քաղաքականության 2011-2015թթ-ի Ռազմավարական ծրագրի առանցքային գաղափարախոսությանը, ըստ որի պետք է ապահովվեր նաև տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) կանանց դերակատարման բարձրացումն ու ամրագրումը:
Ինչպես տեսնում ենք, ռազմավարությունն ընդունելուց առ այսօր քայլեր եթե իրականացվել են, ապա ավելի շատ հասարակական կյանքում կանանց ներգրավվածության, դասընթացների անցկացման և այլնի մակարդակում, բայց ոչ կանանց թվի ավելացմանը ՏԻՄ-երում. այս հարցը դեռ իսկապես կաղում է:
Մյուս կողմից հասկանալի է, որ ամեն ինչ ժամանակ է պահանջում` ոչ մի փոփոխություն մի օրում չի կատարվում: Այս կարգախոսը որդեգրելով կարող ենք ակնկալել, որ այս տարի նախատեսված ՏԻՄ ընտրությունները իրավիճակը փոքր-ինչ կբարելավվի (առաջին ՏԻՄ ընտրությունները նախատեսված են արդեն մարտի 9-ին), սակայն սպասել, որ իրավիճակը իսկապես զգալի արդյունք կարձանագրի, ցավոք, պետք չէ:
Ի վերջո, այն համայնքներում, որտեղ սպասվում են համայնքապետի ընտրություններ, հիմնականում վերընտրման պայքար են մղելու գործող համայնքի ղեկավարները, որոնց թվում ոչ մի կին այսօրվա դրությամբ չկա: Սա նշանակում է, որ մեծամասամբ համայնքի նոր ղեկավարներ չենք ունենալու, այսինքն կին համայնքապետերի թիվը չի ավելանա:
Ի դեպ նշեմ, որ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ կան մարզեր, որտեղ կին համայնքապետեր ընդհանրապես չունենք, այդպիսինն են Արագածոտն ու Արարատը:
Ինչ վերաբերում է ավագանու անդամների ընտրություններին, ապա այստեղ է, որ կարելի է որոշակի սպասումներ ունենալ, թեև կանխատեսելի է, որ շատ-շատ կարող է տատանվել կանանց ներկայացվածությունը 1-2 տոկոսի ավելացմամբ միայն:
«Գոհացուցի՞չ է Ռազմավարության ընդունումից երեք տարի անց նման արդյունք ունենալը» հարցը այս պարագայում ավելի շատ հռետորական է…
Նշենք նաև, որ եթե թվերի մեջ որոշակի տատանում լինի, ապա դա միայն կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության հավաստիության խնդրի հետևանքով կարող է լինել, քանի որ հաշվարկը կատարվել է ըստ կայքէջում բերված թվերի` մարզ առ մարզ: