ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կարող են մնալ միայն 90 օր
Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում և ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում այսուհետ կարող են մնալ միայն 90 օր` վեց ամսվա ընթացքում:
Երկրի տարածքը պետք է լքել այս ժամկետը լրանալուց հետո և վերադառնալ միայն երեք ամիս անց, իսկ նրանք, ովքեր կխախտեն այս դրույթը, այլևս չեն կարողանա մուտք գործել ՌԴ` երեք տարվա ընթացքում:
Օրենքի փոփոխությունները ու դրա հետևանքները ներկայացնելով լրագրողներին փաստաբան Լիլիթ Ներսեսյանը հայտարարեց, որ կան բացառություններ.
«90-օրյա ժամկետից ավելի գտնվելու պայմանը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, քանի որ նրանք կարող են մնալ,, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր: Ընդ որում դա տարածվում է նաև մասնագետների ընտանիքի անդամների վրա:
Հաջորդ բացառությունը վերաբերում է նաև ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի և աշխատանքային պայմանագիր են կնքում գործատուի հետ, բայց այս դեպքում նրանք չեն կարող մեկ տարուց ավելի ժամկետով մնալ ՌԴ-ում, առավելագույնը սահմանվում է մեկ տարի ժամկետը»,- թվարկեց նա ու ավելացրեց, որ իրականում այստեղ խնդիր կա, քանի որ գործատուները շատ հաճախ խուսափում են աշխատանքային պայմանագիր կնքել արտագնա աշխատանքի մեկնածների հետ.
«Ամբողջ հարցը նրանում է, որ չնայած աշխատանքային պայմանագիրը կնքված է ավելի երկար ժամկետով, քան մեկ տարին, ասենք` երկու տարով, սակայն, օտարերկրյա քաղաքացին փաստացի ՌԴ-ում կարող է գտնվել միայն մեկ տարի, անկախ պայմանագրից: Եվ պարտավոր է լքել ՌԴ տարածքը մեկ տարի հետո և վերադառնալ երեք ամիս անց»,- նշեց Լիլիթ Ներսեսյանը:
Ի դեպ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ ասվածի մեջ տեղավորվում են գիտա-մանկավարժական գործունեություն ծավալող մասնագետները, որոնց աշխատավարձը կազմում է 1 մլն ռուբլի և ավելի գումար ամսական: Կամ արդյունաբերական ոլորտի որակավորում ունեցող մասնագետները, որոնց աշխատավարձը կազմում է 700 հազար ռուբլի: Հասկանալի է, որ նման մասնագետների թիվը այնքան էլ մեծ չէ:
Ինչ վերաբերում է մյուս բացառություններին, ապա օրենքը բացառություն է անում նաև ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր մեկնել են ՌԴ կրթություն ստանալու նպատակով և նրանց երկրում մնալու ժամկետը սահմանվում է կրթական հաստատությունում կրթություն ստանալու ժամկետով:
Անդրադառնալով այն լուրերին, թե օրենքը խստությամբ չի կիրառվի Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիների նկատմամբ , փաստաբանը չմեկնաբանեց, միայն ասաց, որ օրենքի փոփոխությունները վերաբերում են օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ վիզային ռեժիմով.
«Իսկ այն անձիք, ովքեր վիզային ռեժիմով են սահմանը հատում, այս փոփոխությունները նրանց վրա միանշանակ չեն տարածվում»:
Նշենք, որ արդեն ՌԴ-ում գտնվողների համար 90 օրը հաշվարկվում է հունվարի 10-ից սկսած: