2013թ-ի արդյունքները` ընդամենը 21 կին համայնքապետ և ոչ մի կին քաղաքապետ
2013թ-ը այնքան էլ հաջող չէր հայաստանցի կանանց համար: Խոսքը նրանց` տեղական ինքնակառավարման մարմիններում էլ ավելի ակտիվ ներգրավվելու մասին է և նրա, որ չնայած իրականացվող մի շարք միջոցառումներին, այդ թվում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, այդուհանդերձ, դեռ հեռու ենք դրական արդյունքներից: Թեև, ինչպես բազմիցս եմ այս միտքը հնչեցրել, համեմատելով թեկուզ 5-7 տարի առաջվա իրողությունների հետո, այսօրվա ցուցանիշները որոշ իմաստով իրենց մեջ հաղթանակ են պարունակում:
Խնդիրը նրանում է, որ քաղաքապետ կին ունենալը դեռևս չհաղթահարված բարձունք է: Մինչդեռ Հայաստանում կա 1000 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքներում և դրանցից 49-ը քաղաքային են, 866-ը` գյուղական:
Կին համայնքապետեր, իհարկե ունենք, բայց այստեղ էլ դեռ անելիք շատ կա, քանի որ երբ մարզն ունի 60, 90 կամ 114 համայնք և միայն երկուսի կամ երեքի ղեկավարներն են կանայք, ապա այստեղ մտածելու տեղիք կա: Դե, իսկ եթե մարզը առհասարակ չունի կին համայնքապետ, ապա սա արդեն ահազանգելու խնդիր է: Այդպիսին, օրինակ, Արագածոտն է, որի 114 համայնքները ղեկավարում են բացառապես տղամարդիկ և Վայոց ձորը` այստեղ 44 համայնք է և ոչ մի կին համայնքապետ:
Ընդհանուր առմամբ 2013թ-ին Հայաստանում ունեցել ենք ընդամենը 21 համայնք, որոնց ղեկավարները կանայք են: Ամենից լավ ցուցանիշն ունենք Լոռիում, որն այս իմաստով առաջատարն է` 113 համայնքներից 6-ը ղեկավարում են կանայք, Սյունիքը ևս լավ ցուցանիշներ ունի, քանի որ հինգ համայնք կանանց ղեկավարության տակ են: Ի դեպ, Սյունիքը օրինակելի կարելի է համարել նաև կին ավագանու անդամների ցուցանիշով` 84 կին ավագանի կա Սյունիքում, որն այս ցուցանիշով ևս զիջում է միայն Լոռիին, որտեղ ավագանիներում 86 կին կա:
Մեկական կին համայնքապետեր ունենք Կոտայքում, Արարատում և Տավուշում, Շիրակում երկու համայնք է, որ կանայք են ղեկավարում, իսկ Գեղարքունիքում երեք:
Արդեն անդրադարձել ենք նրան, որ մարտին ՀՀ մի շարք մարզերում համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում: Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե քանի կին կառաջադրի իր թեկնածությունը սպասվող ընտրապայքարում, բայց արդեն իսկ ենթադրելի է, որ եթե անգամ կանայք մասնակցեն, ապա վերջնական արդյունքում նրանց մասնակցությունը կտրուկ չի ավելանա, քանի որ համայնքապետերի մեծ մասը ձգտում է վերընտրման: Ու քանի որ գործող համայնքապետերի մեծ մասը ՀՀԿ անդամ են, ապաև կանխատեսելի է, թե ինչպես կավարտվի մարտի 9-ի ընտրական օրը:
Նախորդիվ`
Գոհացուցի՞չ է արդյոք իշխանությունների համար ՏԻՄ-երում ընդամենը 505 կին ավագանու անդամ ունենալը