Ամարյան. Կրոնական կառույցների ճամբարներում երեխաներին սեռական դաստիարակություն են տալիս
Անցած տարվա ընթացքում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնն ակտիվ ուսումնասիրել է Հայ ավետարանական եկեղեցու և Ավետարանչական ընկերակցության գործունեությունը: Վերջինս, թեև որպես կրոնական կառույց է ձևավորված, բայց բարեգործական գործունեություն է ծավալում, նաև հովանավորում են Ավետարանական եկեղեցուն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նկատեց, որ կառույցը, որին պատկանում է Ավետարանչական ընկերակցությունը, ամերիկյան է, իսկ իրենք ՀՀ տարածքում՝ Երևանի կենտրոնում, Գյումրիում, Արցախում և այլուր, հողեր են գնել և սեփականաշնորհել:
«Ավետարանականը չի կարող լինել քույր եկեղեցի: Եթե Հայ Առաքելական եկեղեցուց է դուրս եկել, արդեն աղանդ է: Դա վկայակոչում է նաև իրենց հովիվը, ով ասում է, որ իրենց կառույցի գործունեությունն աղանդակերպ է»,- ասաց Ամարյանը:
Նա հավելեց, որ Հայ ավետարանական եկեղեցին զբաղված է վերամկրտությամբ, որն արգելված է:
«Ամառային ճամբարներում անցկացնում են սեռական դաստիարակություն, իսկ կրոնական կառույցը դրա հետ ի՞նչ կապ ունի: Ճամբարներում կրոնական կառույցն իրավասու չէ զբաղվել սեռական դաստիարակությամբ, որտեղ սովորեցնում են ինչ է պահպանակը, ինչ է սեռական հարաբերությունը, ինչպես է դա տեղի ունենում: Դպրոցներում են այդ առարկան անցնում, որի դասագիրքը լիցենզիա ունի»,- ասաց նա և նշեց, որ սա այն դեպքում է տեղի ունենում, երբ 18 տարին չլրացած երեխաներն, ըստ այդ կառույցների կանոնադրության, չեն ներառվելու դրանցում:
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ ոչ մի պետական կառույց չի ուսումնասիրում, թե կրոնական կառույցներում ինչ է կատարվում:
«Իրենց գործունեությունը քայքայիչ է, որի հիմքում մարդկանց իրավունքների ոտնահարումն է: Իրենք պարտավորեցնում են հետևորդներին մտնել ցանցային մարքետինգի մեջ: Ցանցային մարքետինգի շատ ընկերություններ աղանդավորական գործունեություն են իրականացնում: Բացի այդ, ընկնելով այդ կրոնական կառույցներում, մարդիկ սկսում են տառապել ֆանատիզմով և պատրաստ են ղեկավարի հրամանով ամեն բան անելու՝ ընդհուպ հանցագործություն»,- ասաց նա:
Ալեքսանդր Ամարյանը նկատեց, որ այդ կառույցներից որևէ մեկը հայկական չէ, դրանք դրսից են եկել. «Տեղական կառույցների ղեկավարները նպատակ ունեն փող աշխատել: Նրանք ունենում են զոմբիացված զանգվածներ, ովքեր կուրորեն հետևում են իրենց»:
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ ուժի առումով բոլոր կառույցներն էլ ուժեղ են, իսկ ֆինանսապես ամենահզորը մորմոններն են: