Համանախագահները շեշտել են ամենաբարձր մակարդակով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Երևանում փետրվարի 4-5-ը տարածաշրջան կատարած իրենց այցերի արդյունքնները ամփոփող հայտարարությամբ են հանդես եկել:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` նշելով, որ Բաքվում և Երևանում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու խորհրդակցություններ ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, միջնորդները փոխանցում են․
«Նախագահների հետ համանախագահները քննարկեցին արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները և շեշտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների էության շուրջ հետագա առաջընթացի անհրաժեշտությունը: Նրանք ընդգծեցին ամենաբարձր մակարդակով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես համաձայնեցվել է Վիեննայում»:
Համանախագահները հայտնում են նաև, որ այցերի շրջանակներում բանակցությունների ժամանակ վերահաստատել են իրենց մտահոգությունը վերջերս շփման գծում և սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ու կողմերին կոչ արել զուսպ լինել իրենց գործողություններում և հռետորաբանությունում:
«Կողմերը հայտարարեցին իրենց մտադրության մասին՝ ուժեղացնելու հրադադարի պահպանումը և խուսափելու իրավիճակի հետագա սրումից՝ հատկապես Սոչիում առաջիկա Օլիմպիական խաղերի լույսի ներքո», - ասված է հայտարարությունում:
Միջնորդները հայտնում են, որ առաջիկա շաբաթներին կշարունակեն խորհրդակցությունները կողմերի հետ՝ նախապատրաստելու բարձր մակարդակի հանդիպումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները