Ս. Սարգիս Զորավարի մասունքները և Ավետիս երեցի Ավետարանը բերվելու են Ս. Սարգիս եկեղեցի
Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետի տնօրինությամբ փետրվարի 15-ին՝ Սուրբ Սարգիս Զորավարի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները:
Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեց ի կողմից գրված Ավետարանը: Ժամը 10.30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունից:
Սուրբ Սարգիս Զորավարի տոնի տոնակատարությունները մեկնարկելու են փետրվարի 10-ից: Տոնի շրջանակներում նախատեսված են միջոցառումներ ռազմական կրթօջախներում, հիվանդանոցներում (ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, մասնակցություն), Թումանյանի տուն-թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի Ս. Սարգսի բեմականացում, խաղեր, վիկտորինաներ, մրցանակներ):
Փետրվարի 14-ին՝ ժ.10. 30-ին մատուցվելու է Ս. Պատարագ և նորապսակների օրհնություն, իսկ ժամը 19.00-ից մեծ բացօթյա միջոցառում է անցկացվելու Կարապի լճի տարածքում. ծրագրում` Տ. Պետրոսի օրհնություն, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբի ելույթ, ուրախ երգեր ու պարեր, դիսկոտեկ, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոսոտվանությունների մրցույթ մրցանակներով, բացիկներ, փուչիկներ ներկաների համար, հրավառություն:
Փետրվարի 15-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ, Գեղագիտության ազգային կենտրոնում և Նկարիչների միությունում բացվելու է ցուցահանդես, ժ.14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ, ժ. 15.30-ին «Ռեինկարնացիա» խումբը հանդես է գալու բացօթյա համերգով «Պողոսյան պարտեզներում»:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:
Փետրվարի 15-ին ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն: Նույն օրը օրհնության կարգ կկատարվի թեմի բոլոր եկեղեցիներում: