Տ. Զաքարիա. Վալենտինի տոնի հիմքը խարխուլ է, Սուրբ Սարգիսը տոն է՝ անմնացորդ սիրո խորհրդով
Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին և 15-ին երկու տոն է նշելու՝ մեկը սիրո և նվիրվածության, մյուսը՝ Տիրոջն ընդառաջ գնալու:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը նախ անդրադարձավ Տեառնընդառաջի տոնին և ասաց, որ այն հրավեր է դեպի լույսը, դեպի Քրիստոսը:
«Այդ օրը Եկեղեցում լույսն օրհնվում է և տանում ենք մեր տները: Այս տոնի խորհրդի միջոցով ընդգծվում է դեպի Տերը գնալու խորհուրդը, մեզ համար հրավեր է առավել մոտենալ մեր ազգային արմատներին ու մեր Տիրոջը»,- ասաց նա:
Տ. Զաքարիա վարդապետը նկատեց, որ այդ օրը Վեհափառը տարիներ առաջ հռչակել է նորապսակների օրհնության օր: «Եկեղեցին օրհնում է, որպեսզի զույգերն ապրեն սիրով, ինքնազոհաբերմամբ: Մեզ համար սուրբ պսակը խորհուրդ է, որ երկու տարբեր մարդիկ դառնում են մեկ մարմին: Շատ կարևոր է, որ այդ մեկ մարմինն ապրի սիրո և լույսի մեջ: Անպայման հիշեն այն խոստումը, որ տվել են Աստծո առաջ՝ միմյանց գուրգուրեն, սիրեն»:
Տեառնընդառաջը, բացի եկեղեցական ծիսական կարգից, ունի նաև ժողովրդական մաս. «Մեր ժողովրդական ավանդությամբ նորապսակները խարույկ են վառում իրենց տների բակում: Նման ազգային սովորույթները փաստում են այն, որ Հայ Առաքելական Եկեղեցին նաև ազգային է: Մենք ունենք շատ տոների ժողովրդագրական մասը»:
Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 15-ին Եկեղեցին նշելու է Սուրբ Սարգսի տոնը:
«Մենք այցելելու ենք եկեղեցի, մեր հավատարմությունը տանք Սրբին և հայցենք նրա բարեհոգությունը: Մեր ժողովրդի մեջ տարածված է աղի բլիթ ուտելու ավանդույթը: Ժողովուրդը հարստացնում է եկեղեցական մասը: Բայց պետք է չկտրվել բուն խորհրդից»,- ասաց վարդապետը:
Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, որը նշվում է փետրվարի 14-ին, Տ. Զաքարիա վարդապետը նշեց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո բազմաթիվ օտարամուտ տոներ մեր երկիր ներմուծվեցին:
«Մարդիկ սկսեցին օտար տոներ տոնել, այդ թվում՝ Սուրբ Վալենտինի օրը: Բայց, եթե դուրս գաք փողոց և մարդկանց հարցնեք, կտեսնեք, որ մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ով է Վալենտինը: Բայց այսօր եկեղեցին զարթոնք է ապրում: Եկեղեցին լի է գիտակցական երիտասարդներով, ովքեր գալիս են Աստծուն մոտենալու: Արհեստական տոն է, որ փորձում են արմատավորել, որոշ շրջանակներ, իրենց բիզնես շահերից ելնելով, փորձում են հաղորդակից դարձնել օտար արժեքներին»,- ասաց նա:
Վարդապետի խոսքով, Սուրբ Վալենտինի տոնի հիմքը շատ խարխուլ է, իսկ մեր Սուրբ Սարգիսը հրաշալի տոն է՝ անմնացորդ սիրո և զոհաբերության խորհրդով:
«Մեր այս երկու տոներն իրենց բովանդակության առումով խորն են, իմաստալից են, իրենց պատգամն ունեն»,- ասաց նա և հավելեց, որ շատ երիտասարդներ փափագ ունեն ճանաչելու եկեղեցին: