Սերժ Սարգսյան. Հայաստանցին պիտի ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը
«Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու մեր զինանոցը հարստացել է: Տարիների հետ մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի արդյունավետ ու գործուն լուծումներ առաջադրել: Սակայն, որ ավելի կարևոր է, մենք սովորել ենք լսել միմյանց: Սովորել ենք երկխոսել: Փոխադարձաբար հարգել միմյանց շահերն ու հաշվի նստել յուրաքանչյուրի հետ»,- Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարում ունեցած ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն իր խոսում նաև ասել է. «Գիտակցել ենք, որ հասարակության զարգացմանն ու մարդկանց ճակատագրերին առնչվող խնդիրների լուծման որևէ տարբերակ ընդունելուց և խաղաղ պայմաններում յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ անհրաժեշտ է դրանք քննարկել ու համաձայնեցնել տարբեր, երբեմն՝ հակասական շահեր ներկայացնողների, գործարարների, կառույցների, հայաստանցու հետ: Հատկապես վերջին տարիներին մենք փորձել ենք հնարավորինս ընդլայնել տնտեսության զարգացմանն ու հասարակության առաջընթացին առնչվող որոշումների քննարկման շրջանակը: Փորձել ենք բացել ու ընկալելի դարձնել երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերն ու ընդունվող որոշումները:
Ոչ մի հայաստանցի չպիտի օտարված զգա իր երկրում: Ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից: Ոչ մեկը չպիտի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը: Հայաստանցին պիտի ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը: Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու և շարունակելու ենք ընդլայնել հարգանքի, վստահության ու հավատի սահմանները: Միայն նման ընդարձակ սահմաններում երկրի քաղաքացին իրեն կզգա ավելի լավ, քան անհամեմատ բարեկեցիկ որևէ այլ երկրում: Միայն նման երկիրն է ի զորու իր քաղաքացուն կապել իր ճակատագրին ու պահել իր հողի վրա:
Վստահ եմ, որ միայն այս կերպ կարող ենք ձյան մեջ արև փնտրող ու իր երկրում օրհնություն գտնող հայաստանցիների երկիր կերտել: Սա է արդիական, մրցունակ, անվտանգ և հպարտ Հայաստանի երաշխիքը: Ու մենք պարտադրված ենք հենց այս ճանապարհով գնալու»: