Վարչապետ. «Իշխանությունը պարտադրանքի գործիքն օգտագործելով, կերտում է նոր ապագա»
Կուտակային կենսաթոշակային համակարգում իշխանությունը պետք է դրսևորի քաղաքական կամք: Այս մասին այսօր Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Երբ ցանկացած բնագավառում խնդիր է լինում, մեր ընդդիմախոսներն ասում են` «պարոն վարչապետ, քաղաքական կամք դրսևորեք, լուծեք այս խնդիրը», իսկ դա նշանակում է, որ քաղաքական կամք, առանց համոզմունքի, չի լինում: Մեր քաղաքական թիմը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, ունի այդ համոզմունքը, որ սա ճիշտ ռեֆորմ է, որ սա Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, որ սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող, մտածողության փոփոխության, քաղաքացիական հասարկություն ձևավորող ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ է և սա հեշտ ռեֆորմ չէ»,- հայտնեց Տ.Սարգսյանը:
Նրա խոսքերով` պոպուլիզմը ընդունելի է ընդդիմության համար, քանի որ դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե, ըստ վարչապետի, պոպուլիզմով զբաղվի իշխանությունը:
«Իշխանությունն այս պարագայում, պարտադրանքի գործիքն օգտագործելով, կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է»,- նշեց Տ.Սարգսյանը: