«Այն կլինի նախանձելի օրինակ». ԱՄՀ-ն և ՎԶԵԲ-ը սատարում են Հայաստանին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում
«Սա լավ մտածված, պարտադիր կենսաթոշակային ապահովման բարեփոխում է, և այն կլինի նախանձելի օրինակ բազում երկրների համար` ունենալ այսպիսի կենսաթոշակային համակարգ »,- Երևանում կազմակերպված Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրապական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը` հավելելով, որ ՎԶԵԲ-ը միանգամայն սատարում է Հայաստանին կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում:
Անդրադառնալով կապիտալ շուկաների և բարեփոխումների միջև կապին, Մարկ Դևիսը նշեց, որ կապիտալի շուկան Հայաստանում ակտիվ իրացվելի չէ, և կենսաթոշակային ապահովման համակարգը հնարավորությունը կընձեռի երկար փողեր ներգրավել` մի բան, որն այս պահի դրությամբ Հայաստանը հնարավորություն չունի: Սրանք, ըստ նրա, կներդրվեն տեղական ֆինանսական գործիքների, այդ թվում` պարտատոմսերի մեջ:
Նրա խոսքերով, որպեսզի կենսաթոշակային ապահովման համակարգը հաջողություն ունենա և եկամտաբերություն ապահովվի, ապա հարկավոր է խթանել տեղական բանկերին, խորհրդատվական ընկերություններին, որպեսզի առաջարկն աշխուժացնեն և կենսաթոշակային ֆոնդերը կարողանան եկամտաբեր ներդրումներ կատարեն:
Անդրադառնալով կենսաթոշակային ֆոնդերին փոխանցվող գումարներին, Մարկ Դևիսը նշեց, որ այդ փոխանցումները ոչ թե հարկատեսակ են, այլ խնայողություն: «Լավ մտածված մոտեցում է ցուցաբերվել, և ակտիվների փորձառու կառավարիչներ են ընտրվել, որպեսզի այդ գումարները չփոշիանան»,- ասաց նա:
Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսի խոսքերով էլ` ԱՄՀ-ն մշտապես աջակցել է Հայաստանին լուծելու մարտահրավեր հանդիսացող խնդիրները, որոնք ՀՀ-ն կարողացել է հաղթահարել հաջողությամբ: Մասնավորապես, ԱՄՀ-ն կառավարությանը օգնել է իրականացնել անցումը դեպի շուկայական տնտեսություն, ինչպես նաև աջակցել է Հայաստանին դուրս գալու ֆինանսական ճգնաժամից: Չնայած այս ձեռքբերումներին, ըստ նրա, Հայաստանը դեռևս կանգնած է բավականին լուրջ խնդիրների առաջ, մասնավորապես, աղքատության հաղթահարում, արտագաղթ և այլն:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումներին, ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ իրենք բարեփոխումների իրականացման հարցում ևս աջակցելու են Հայաստանին: «Այս բարեփոխումները կարևոր են Հայաստանի համար, քանի որ այդ բարեփոխումները բերելու են խորը ինստիտուցիոնալ ֆինանսական ֆիսկալ փոփոխությունների, որոնք օգնելու են լուծել Հայաստանում առկա այլ մարտահրավերները»,- ասաց Տերեսա Դաբան Սանչեսը:
Նա միաժամանակ նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումները շատ հստակ ուղղվածություն ունեն, քանի որ հետապնդում են հստակ նպատակ, նպաստելու են բյուջետավորման մասով հետագա բեռի նվազեցմանը, ինչպես նաև օգնելու է կրճատել ստվերային տնտեսությունը: