ԱԺ-ում քննարկվում է «Նաիրիտ»-ի հարցը, իսկ դրսում բողոքի ակցիա է ընթանում
Այս պահին ՀՀ Ազգային ժողովում արտահերթ ընթացակարգով քննարկվում է ՀՅԴ խմբակցության պատգամավորիների «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու ՀՀ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Զուգահեռ ԱԺ-ի դիմաց անցկացվում է բողոքի ակցիա, որը կազմակերպել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Միության անդամները հավաքվել են ԱԺ-ի դիմաց սատարելու իրենց ավագ գործընկերներին: Նախատեսվում է, որ ակցիային կմիանան նաև «Նաիրիտ» ընկերության աշխատակիցները:
Ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ իրենք պահանջելու են՝ որպես ուսանող, որպես երիտասարդ, ով մտահոգ է «Նաիրիտի» ճակատագրով, որպեսզի ԱԺ-ն կողմ քվեարկի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:
«Ի վերջո, «Նաիրիտի» վերագործարկումն իր հիմնական թափով կարող է մեր երկրում սոցիալական խնդիր լուծել, ինչը շատ կարևոր է»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցները «Ստոպ Նաիրիտի թալանին», «Ստոպ Նաիրիտի կործանմանը» պաստառները ձեռքներին սպասում են ՀՅԴ պատգամավորներին, որոնք ԱԺ-ում նախաձեռնության քննարկումից հետո մոտենալու են ցուցարարներին:
Նախորդող`
ՀՅԴ-ն «Նաիրիտ»-ի հարցը արտահերթ բերում է խորհրդարան