«Սելը եզից առաջ էր ընկել». Գյուղացիների բողոքի ակցիայի արձագանքները (Տեսանյութ)
«Սելը եզից առաջ էր ընկել: Մարդկանց չեն բացատրել, իրականում ինչ են պատրաստվում անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով նախորդ օրը գյուղացիների բարձրացրած բողոքին և փոխվարչապետի արձագանքին:
Բնապահպան Լևոն Գալստյանն էլ նշեց, որ գործունեությունը սկսում են կատարել առանց համապատասխան կարգերի. «Սկսվել են լուրջ շինարարական աշխատանքներ, եթե դու երկու մետր տրամագծով խողովակաշար ես կառուցում, դրա համար պետք է բնապահպանական փորձաքննություն ունենաս: Եթե կառավարությունում մտածում են, որ դա անհրաժեշտ չէ, սխալվում են: Հողաշերտն է վնասվում: Երբ տրվում է ջրօգտագործման թույտվություն, այլն չի տրվում արագահոսը վերակառուցելու համար, այն տրվում է հէկ կառուցելու համար»:
Լևոն Գալստյանի բնորոշմամբ, Արագածոտնի մարզպետը 15 րոպեում մի քանի տարբեր բան է ասում:
«Ոչ մի իրական հաշվարկներ չկան, իրականում ցույց չեն տալիս այն թվերը, որ ծախսվում են ոռոգման վրա: Անցած տարի չի բավականացրել, ստիպված տրակտորներով են ջուր բերել, որ դեղեն այգիները»,- ասաց բնապահպանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Panorama.am-ը, գյուղացիների բողոքին արձագանքել էր նաև փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ու նշել, ՀԷԿ կառուցելու համար լիցենզիա է հարկավոր, իսկ այս պահի դրությամբ դա ստանալու նախապատրաստական աշխատանքների գործընթաց է գնում: Ջրօգտագործման թույլտվությունն այդ աշխատանքներից է, իսկ այդ թույլտվությունը տրվել է արագահոսի վերակառուցման պայմանով: Արմեն Գևորգյանի խոսքով, այս պահին հենց այդ համակարգի վերանորոգման մասին է խոսքը գնում:
Մանրամասները` տեսանյութում:
Նախորդիվ`
Փոխվարչապետն արձագանքեց գյուղացիների բողոքի ակցիային (Տեսանյութ)