«Շատ կուզեի, որ «Դեմ եմ» շարժման մասնակիցներին դարձնեինք «կողմ»». Վահրամ Ավանեսյան
«ՀՀ կառավարությունը խստորեն վերահսկվելու է, որպեսզի հարկային արտոնություններից օգտվեն միայն ՏՏ ոլորտի նպատակային ընկերությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններն ազատվում են բոլոր հարկատեսակներից:
Ըստ նախարարի` ցանկացած գործարք, որը չի լինի այս բնագավառում, նույնիսկ համակարգչի վաճառք, այս ընկերություններին չի թույլատրվելու, հակառակ դեպքում նրանք կզրկվեն հարկային արտոնությունից:
«Փաստորեն այս ընկերությունների համար բացառվում է ընդհանրապես որևէ այլ գործունեություն, բացի այդ` սահմանափակելու ենք այս ընկերությունների հնարավորությունները, որ նրանք ծառայություններ մատուցեն ՀՀ-ում այս ոլորտում գործող ձեռնարկություններին»,- ասաց նախարարը:
Վ.Ավանեսյանի խոսքերով` այս ընկերությունները պետք է ստանան նաև հավաստագիր, որը տրամադրվելու է ստեղծված հանձնաժողովի կողմից, որտեղ լինելու են 3 պետական, երկու` տվյալ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացի դրանից` այս ընկերությունները պետք է հայտարարագրեն, որ չեն ստեղծվում այլ ընկերության տրոհման ճանապարհով:
«Ունենալու ենք ռեեստր, որտեղ կարողանալու ենք տեսնել այն աշխատողներին, ովքեր աշխատելու են այս ձեռնարկությունների համար»,- նշեց նախարարը:
Լրագրողների հարցին, թե արդյոք կառավարության այս նախաձեռնությունն ուղղված է «Դեմ եմ» շարժումը մարելուն, քանի որ շարժման մասնակիցների կրելիք ֆինանսական կորուստները այս ձևով կարծես թե փոխատուցվելու են, Վ.Ավանեսյանը պատասխանեց.«Եթե իսկապես հնարավոր է որևէ նախաձեռնություն ունենալ, որը նպաստավոր է ոլորտի համար և դրա հետևանքով «Դեմ եմ» շարժումը «կողմ» կլինի, ապա ես կարող եմ պնդել, որ, այո, դրա համար ենք անում»:
Նախարարը միաժամանակ հավելեց, որ չի տեսնում պատճառը, թե ինչո՞ւ պետք է ՀՀ կառավարությունը կամ ցանկացած քաղաքական ուժ չիրականացնի մի գործողություն, որով հանկարծ կստացվի այնպես, թե իրենք կատարեցին ինչ-որ մի քայլ, ու այդ քայլի պատճառով նրանք, ովքեր դեմ էին, դարձան կողմ:
Վ.Ավանեսյանը նշեց, որ եթե ավելի լայն տեսանկյունով նայեն հարցին, ապա ինքը չի կարծում, թե այստեղ լինելու է այդ հնարավորությունը, որ ՏՏ ոլորտի այսօրվա աշխատողները, ովքեր բարձր աշխատավարձեր ունեն ու աշխատում են տարբեր ընկերություններում, միանգամից սկսելու են իրենց ընկերությունները ստեղծել:
«Շատ կուզեի, որ «Դեմ եմ» շարժման մասնակցիներին դարձնեինք «կողմ», բայց չեմ կարծում, որ սա այդ գործիքն է լինելու»,- ընդգծեց Վ. Ավանեսյանը:
Նախորդող` Պետությունը ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին ազատում է բոլոր հարկատեսակներից: