Սերժ Սարգսյանը՝ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակակիրների մասին. «Վարվել եմ իմ խղճի մտոք»
«Այս մրցանակը ես որևէ կերպ չեմ անձնավորում: Միայն իմը չէ: Շատ ենք՝ 400 շինարարներ, ովքեր աշխատել են Մատենադարանի շենքի կառուցման վրա: Հավասարաչափ կիսվում է բոլորին: Երկուշաբթի այս գումարը ես փոխանցելու եմ բարեգործության»,- ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2013 թ. պետական մրցանակի արժանանալուց հետո ասաց ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նրան մրցանակ հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ ««Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար:
Նշենք, որ այս բնագավառում պետական մրցանակի արժանացավ նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար:
Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահ Սաշուր Քալաշյանը մրցանակների հանձնման արարողության ժամանակ տեղեկացրեց, որ հանձնախումբը հայցման ներկայացված աշխատանքներից երկուսի քվեարկության արդյունքում ստացել է հավասար թվով ձայներ, ինչը դժվարին կացության առջև է կանգնեցրել հանձնախմբին, որի անդամները հրաժարվել են վերաքվեարկությունից՝ երկու աշխատանքն էլ պետական մրցանակի արժանի համարելով:
«2011թվականին մենք չկարողացանք ներկայացնել որևէ մեկի աշխատանքը պետական մրցանակի: Սակայն այս տարի հուսադրող էր՝ մենք ունեինք նվաճումներ, եղան հայտեր, և հանձնախմբում համոզմունք կար, որ այս անգամ մենք, անպայման, կներկայանանք որևէ գործով: Բայց հանձնաժողովի անդամների ձայները կիսվեցին, կիսվեցին այնպես, որ կանոնակարգի համաձայն որևէ մեկը չպետք է արժանանար պետական մրցանակի: Թևաթափ վիճակով ես այդ արձանագրությունը տվեցի նախագահի աշխատակազմին՝ կարծելով, որ այս տարի ևս մենք պետական մրցանակ չենք ունենալու: Սակայն անակնկալ եղավ, երբ հանձնաժողովին տեղեկացրին, որ մեծարգո նախագահի առաջարկությամբ, որոշվել է պետական մրցանակը հավասարաչափ կերպով բաշխել: Այսինքն՝ կիսել երկու հայտերի միջև: Հավանաբար, դրա համար նաև հիմք է ծառայել այն, որ հավասար ձայներ էին ստացել երկու հանրային հնչեղություն ունեցող օբյեկտներ, այլ ոչ թե մերժվել»,-ասաց Ս. Քալաշյանը:
Նշենք, որ որպես պետական մրցանակ շնորհվում է՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5 միլիոն դրամի չափով:
Իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ վարվել է իր խղճի մտոք և վստահ է, որ և՛ արվեստագետները, և՛ մեր ժողովուրդը կհասկանան ու ճիշտ կըմբռնեն վերաբերմունքը մեր տաճարների նկատմամբ:
«Ես անձերին չեմ շնորհել՝ ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Դուք ինձնից ավագ եք, Ձեր փորձը մեծ է, Դուք շատ լավ գիտեք բոլոր հուշարձանների պատմությունը և գիտեք, որ կան հուշարձաններ, որ այսօր մենք համարում ենք մեր կյանքի բաղկացուցիչ մասը, որոնց սակայն նախկինում փնովում էին: Վստահություն ունեմ՝ ես իմ իրավունքն օգտագործել եմ: Ներողամիտ եղեք»,-նշեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան