Տիգրան Մանսուրյան. «Գիտեք ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ»
«Խորապես զգացված եմ: Գիտեք ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության, հետո կողքին պետական, հետո` մրցանակ: Դրանցից առաջին երկուսը սրբություն են, երրորդը դրանց արդյունքն է, որ ինձ է բաժին հասել»,- լրագրողներին ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է երաժշտության ոլորտում ՀՀ 2013 թվականի պետական մրցանակի:
Նախագահական նստավայրում կայացած մրցանակների հանձնման արարողության ժամանակ մրցանակը կոմպոզիտորին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արվեստագետն ասաց, որ այս ստեղծագործությունը գրելու համար իրենից պահանջվել է տաս տարի, վերջնական տարբերակն անելու համար՝ երկու տարի: «Ռեքվիեմ»-ն առաջին անգամ հնչել է Գերմանիայում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այս տարվա ընթացքում այն պետք է ներկայացվի նաև Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում: Հույս ունեմ, որ եկող տարվա ընթացքում էլ կշարունակի իր կյանքը»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Նրա խոսքով, իր հիմնական նպատակն էր գրել այնպիսի մի ստեղծագործություն, որ ամեն անգամ հնչելիս հիշատակի, մարդկանց ուշադրությունը սևեռի Հայոց ցեղասպանության փաստի վրա: «Այդ պատճառով ես պետք է գրեի դասական կանոնակարգի պարտադրած լատիներենով, որը բոլոր երաժիշտների կողմից ընդունված ու հասկանալի լեզու է: Այս լեզվի հետ ես զուգակցել եմ նաև միջնադարյան հայոց հոգևոր մեղեդիական մտածողությունը: Այս երկուսից ծնվեց «Ռեքվիեմը»»,- ներկայացրեց կոմպոզիտորը:
Նա նշեց, որ իր ծնողները, ընտանիքի շատ անդամներ եղել են Հայոց ցեղասպանության զոհ ու իր սուրբ պարտքն էր գրել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ստեղծագործություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան