Դ. Ջամալյան. Սերժանտական ինստիտուտի կայացումը պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություն է
«Սերժանտական ինստիտուտը մեր Զինված ուժերի առաջնային օղակն է: Վերջինիս ամրապնդումը հիմնախնդիր է` պայմանավորված ՀՀ Զինված ուժերի էվոլյուցիայի հերթական փուլով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ:
Նրա խոսքերով, սերժանտական ինստիտուտի կայացումը զորքերում վերահսկելիության լիարժեքության ապահովման գրավականն է:
«Հենց այդ պատճառով էլ այն պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություն է: ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում կատարված փոփոխությունները սերժանտական ինստիտուտի կայացման ուղղությամբ արված կարևոր քայլ է»,- հավելեց նա: