Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբը Կիլիկիայի թագավորության վերջին ունեցվածքն էր, այն հայության համար ամենակարևոր շրջաններից մեկն էր: Սա թվով երրորդ տեղահանությունն է 1909 և 1915 թվականներից հետո,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկումներ արեց սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը:
«Ֆաշիստ, ոճրագործ Էրդողանը, հավանաբար, նոր նկրտումներ ունի: Թուրքիայի կողմից բացեցին սահմանները, թույլ տվեցին ահաբեկիչներին ներխուժել, որոնց մի մասը թուրքմեններ էին, ապրել էին Քեսաբում: Այսօր առավոտ տեղեկացանք, որ դատարկված տները սկսել են այրել, փշրել, ավիրել: Քեսաբը լրիվ դատարկված է, բանակը հետ է քաշվել: Միանգամից չորս-հինգ կողմից ներխուժել են: Առավոտյան նաև մեր եկեղեցի են ներխուժել: Ինչքան մոտեցնում ենք 100-ամյակին, այնքան թուրքն իր ոխակալ քայլերին է դիմում և կրկին տեղահանում հայերին»,- ասաց նա:
Սիրիահայը նկատեց, որ Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, որ անցել էր ընդդիմադիրների տիրապետության տակ, ևս թալանել են, ջարդել, խաչն իջեցրել և իրենց դրոշը դրել. «Ես առավոտյան խոսել եմ Լաթաքիա, մտել են եկեղեցին: Թե ինչ կլինի, չգիտենք: Բայց մեծ հույսեր չունենք, որ չեն ավիրի»:
Մեսրոպյանի խոսքով, ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի վրա հարձակումը, որտեղ ապաստանել են Քեսաբից տարհանված հայերը:
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններից պահանջում են, որ ոչ միայն խոսքերով, այլև ճշգրիտ քայլերով հանդես գան. «Արդեն որ դեպքն է՝ հայերը տեղահանվում են: Պետք է տարբեր կողմերից ճնշումներ լինեն, որ ընդունեն Ցեղասպանությունը և դադարեցնի Թուրքիան այս քաղաքականությունը»:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, որ ամենաբարձր արձագանքը ՀՀ Նախագահի ուղերձն էր, որից հետո պետք է սկսվեն գործողությունները:
«Նախագահի ուղերձում կար ենթատեքստ, որում անուղղակիորեն մեղադրվում էր Թուրքիան: Այժմ պետք է ակնկալենք՝ քեսաբահայությանն ուղղված աջակցության՝ հայկական բոլոր կառույցների կողմից: Հուսալ, որ միջազգային կառույցները, բարեսիրական ընկերությունները շատ ավելի շահագրգիռ կլինեն հայության նկատմամբ, սխալ է: Մենք պետք է համախմբենք մեր ուժերն ու աջակցենք մեր հայրենակիցներին»,- ասաց արաբագետը:
Նախորդիվ՝
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է