Սահմանին անհանգիստ է. ՊՆ-ն հակառակորդին լռեցնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում
Վերջին օրերին, Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերից անընդհատ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կրակահերթ է արձակում հայկական գյուղերի ուղղությամբ: Կրակի տակ են հատկապես Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Չինար, Մովսես, Պառավաքար գյուղերը: Համացանցում նաև տեսանյութեր են շրջանառվում, որոնցում հստակ երևում է Ադրբեջանի կողմից արձակվող կրակահերթերը:
Վերոնշյալ տեղեկատվության, ինչպես նաև` հայկական կողմի ձեռնարկած քայլերի առնչությամբ Panorama.am-ը զրուցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Նրա փոխանցմամբ, ադրբեջանական կողմը վերջին օրերին բավականին ակտիվացել է:
«Հակառակորդը կրակ է բացում ոչ միայն հայկական մարտական հենակետերի, այլ բնակավայրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի, սակայն Ադրբեջանին հաջողվել է որոշակի ավերածությունների պատճառ դառնալ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Վերջինս ասաց, որ հակառակորդը հիմնականում կրակ է բացում խոշոր տրամաչափի զենքերից, ակտիվ են նաև դիպուկահարները:
Հարցին, թե ի՞նչ քայլերի են գնում ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները, կասեցնելու հակառակորդի ագրեսիվ գործողությունները, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հայկական ստորաբաժանումները հրաման ունեն` ամեն գնով կասեցնելու ադրբեջանական կողմի ագրեսիան, ՊՆ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում` լռեցնելու հակառակորդին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները