Գյուղատնտեսության փոխնախարար. Վիճակը վատ է
«Այս պահին ոչինչ չենք կարող ասել, սպասողական դրության մեջ ենք: Ձյունը շարունակվում է, ցրտահարությունը դեռ չի երևա: Տեսնենք գիշերն ինչ կլինի: Վտանգավոր է, վիճակը վատ է»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքով, տեղացող ձյունը, ցածր ջերմաստիճանը վտանգավոր են հիմնականում ծաղկած ծառերի և ջերմոցային տնտեսությունների համար. «Եթե համապատասխպան միջոցներ չձեռնարկվեն, ջերմոցային տնտեսություններն էլ ամբողջությամբ կվնասվեն»: Փոխնախարարն ասաց, որ այս պահին կոնկրետ չեն կարող ասել, թե ինչ չափի կլինի վնասը:
Հիշեցնենք, որ նախապես ԱԻՆ պետհիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր, որ մարտի 30-ին ժամանակ առ ժամանակ Հանրապետության շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ:
Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում մինչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Գյուղացիները արդեն մի քանի օր է նախապատրաստվում էին այդ գիշերվան, որպեսզի պաշտպանեն իրենց այգիները ցրտահարությունից: Նրանք իրենց այգիներում պատրաստել են այրվող նյութերի կույտեր և գիշերը` ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում պետք է դրանք այրեն, կատարեն ոռոգում:
Սակայն, եղանակն անկանխատեսելի է և դեռևս այս գիշերվանից արդեն Երևանում և մարզերի զգալի մասում ձյուն է տեղում:
Կից հրապարակումներ՝
Գյուղնախարար.Պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն`բերքի կորուստներ չունենալու համար
Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է ծխեցնել և առատ ոռոգել