«Մինչև սեպտեմբերի 30-ը «կուտակայինի բոլոր դրույթները ենթակա են կիրառման և դրանց չկատարումը կառաջացնի իրավական խնդիրներ»
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը այն դրույթներով, որոնք Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել են հակասահմանադրական, մինչև սեպտեմբերի 30-ը պահպանում են իրենց իրավական ուժը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:
Ինչ վերաբերում է այն խնդրին, թե արդյոք պարտադիր կուտակայինը ուժի մեջ է, թե ոչ, նախարարը նշեց, որ ՍԴ-ն պարտադիր կուտակային վճարումներ կատարելու մասին դրույթը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող:
«ՍԴ-ն ասել է, որ պարտադիր կուտակայինի այս էլեմենտները հակասում են Սահմանադրությանը, բայց ՍԴ-ն չի ասել, որ «պարտադիր» չպետք է լինի»,- ասաց նա:
Հ. Թովմասյանը մեկ անգամ ևս նշեց, որ այս օրենքը ամբողջությամբ գործում է մինչև սեպտեմբերի 30-ը և օրենքի բոլոր դրույթները ենթակա են կիրառման և կառաջացնեն իրավական խնդիրներ, եթե դրանք որևէ անձի կողմից չկիրառվի:
Հարցին, թե արդյոք հետ են վերադարձվելու այս երեք ամիսների ընթացքում արված պարտադիր կուտակային վճարումները, նախարարը նշեց, որ դրանք չեն վերադարձվելու:
«Կմշակվեն վերահաշվարկի մեխանիզմներ: Ի՞նչ կլինի, ինչպիսի՞ն կլինի, որ մոդելը կընտրվի կամ որ էլեմենտները կփոխվեն, դա քննարկման խնդիր է»,- ասաց Հ.Թովմասյանը:
Անդրադառնալով աշխատանքային խմբին, որը պետք է զբաղվի հակասահմանադրական դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործով, Հ.Թովմասյանը նշեց, որ իր ցանկությունն է, որպեսզի այս ամբողջ գործընթացին մասնակցեն բոլոր այն սուբյեկտները, որոնք մտահոգված են այս խնդրով:
«Հուսով եմ, որ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը մասնակից կլինեն, և մենք կունենանք մի համակարգ, որն անխոցելի կլինի»,- ասաց նա:
Նախարարը նաև հավելեց, որ նպատակը մեկն է` ունենալ ավելի արդյունավետ համակարգ, իսկ ՍԴ-ի որոշումն էլ օգտակար է լինելու բարձրացված խնդիրները կրկին քննության առարկա դարձնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան