
Մանկատան տնօրեն. Արևշատի խելքը եղբայրն է կերել…
«Այս պահի դրությամբ ես ոչ մի նորություն Արևշատի մասով չունեմ, ուղղակի մի բան հստակ կարող եմ ասել` եղբայրն է նրան թաքցնում: 24-ամյա եղբայրը մեկ շաբաթով Արևշատին տարավ, ու հինգ օր հետո երեխան լքեց մանկատունը` փախնել բառը ճիշտ չէ, քանի որ մանկատան դռները բաց են և երեխաներն ազատ են իրենց գործողություններում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Հիշեցնենք, Panorama.am-ը արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 14-ամյա Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել:
Մանկատան տնօրենի խոսքով, ավելի ուշ նա տեղեկացել է, որ Արևշատը պայմանավորվել է եղբոր հետ, ստացել նրա համաձայնությունը լքելու մանկատունը ու դիմել այդ քայլին:
Վերջին օրերին ոչ միայն Ոստիկանությունն է զբաղվել երեխայի որոնումներով, այլև տնօրենն անձամբ:
«Ոչ միայն եղբոր տանն եմ եղել, նաև Արևշատի խնամակալի տուն եմ գնացել Հրազդանում… մի չտեսնված տուն, լավ կահավորված, ինքն էլ ինտելեկտով կին, Արևշատը հինգը տարի է այնտեղ ապրել, բայց այդտեղ էլ չի ուզեցել մնալ: Փաստորեն ոնց որ թե չի ուզում ընտանիքում ապրել, չգիտեմ…. Դրանից հետո երկու ամիս քույր Արուսյակի մոտ է մնացել, ասել է, թե չի ուզում այդտեղ էլ մնա, տարել են ՀՕՖ-ի կենտրոն ու նոր տեղափոխվել իմ մոտ, երեք ամիս էր ընդամենը մեր մանկատանը»,- տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրենը:
Ն.Նալբանդյանը նշեց, որ եղբայրը նոր է ազատվել բանտից ու ինքը լուրջ մտավախություն ունի, որ ինչ-որ «բանով երեխու գլուխը լցրել է»: Բայց եղբոր հետ էլ անձամբ խոսել է Արևշատի անհետանալուց հետո:
«Ապրիլի 1-ի երեկոյան խոսել եմ եղբոր հետ, ասաց, որ վաղը Արևշատին կվերադարձնի, ներողություն էր խնդրում և այլն: Բայց մյուս օրը մինչև ժամը 3-ը սպասեցի, ոնց որ սիրտս վկայեց, որ չի վերադարձնի Արևշատին: Գնացի Հրազդան, իմացա, որ արդեն գնացել են` որտեղ գիշերել էին, այնտեղից գնացել էին արդեն: Մի չորս-հինգ օր ման ենք եկել նաև Երևանում, տեղ չմնաց, որտեղ նրանք կարող էին լինել, բայց ուր գնում էինք պարզվում էր, որ մի օր առաջ հեռացել են այդտեղից….»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, Արևշատը շատ ինքնամփոփ, լռակյաց տղա է, դժվարությամբ դպրոց գնում: Գուցե, ենթադրեց Ն.Նալբանդյանը, դպրոց չգնալու հեռանկարն էլ իր հերթին է նպաստել մանկատնից հեռանալու որոշմանը.
«Բայց ամենաշատը այդ մի շաբաթը, որ եղբոր մոտ էր մնացել ու վերադարձավ, երևի թե եղբայրն արդեն իր խելքը, ինչպես ասում են, կերել էր»,- նշեց նա ու շեշտեց` ոնց էլ լինի կգտնեն երեխային, դա ընդամենը ժամանակի խնդիր է: Տնօրենը նշեց, որ երևի թե եղբայրը հիմա վախենում է, քանի որ գիտի, որ ոստիկանությունն էլ է Արևշատին փնտրում և վախենալով իրավական պատասխանատվությունից է խուսափում Արևշատին վերադարձնել:.
«Ես, կարծում եմ, ամեն ինչ կանի, որ թաքնվի` մտածելով, որ իր հետ կապված խնդիրներ կառաջանան: Թեպետ զուտ իրավական առումով տենց առանձնակի խնդիրներ չեն լինի…. Եթե այդ վախը չբերի` հետ կբերի, ինձ թվում է դեռ կշարունակի թաքնվել»,- հավելեց նա:
Նախորդիվ`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՎՈՒՄ Է. Գավառի մանկատան սանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել
Լրահոս
Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան




