Մանկատնից հեռացած երեխային հայտնաբերել են ողջ-առողջ
Առավոտյան Panorama.am-ի հետ զրույցում Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը հայտնել էր, որ մանկատունը ինքնակամ լքած 14-ամյա Արևշատ Զախարյանի գտնվելու վայրի մասին լուր չունի, բայց հուսադրող հանգամանքներ կան, որ օրվա մեջ նորություն կլինի: Քիչ առաջ տնօրենը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արևշատին հայտնաբերել են Երևանի Իտալական այգում և այս պահին նա տնօրենի, ոստիկանների, ինչպես նաև 24-ամյա եղբոր ուղեկցությամբ ուղևորվում է Գավառ:
«Ասում է, որ ուզում է եղբոր հետ ապրել, միակ ուզածը դա է ու հենց այդ պատճառով էլ լքել է մանկատունը»,- նշեց Ն.Նալբանդյանը` հավելելով, որ Արևշատը նորմալ հոգեվիճակում է, որևէ խնդիրներ չունի, առավել ևս, որ ոստիկանությունն ու ինքը բավականին նորմալ են իրենց մոտեցել և ոչ մի լարված իրավիճակ չի ստեղծվել: Հիշեցնենք, երեխան մանկատունը լքել էր ապրիլի 1-ին:
Հարցին, թե ինչ է լինելու այժմ, երբ երեխան հայտնաբերվել է, եղբայրն էլ նույնպես, Գավառի մանկատան տնօրենը նշեց, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի առաջիկա օրերին, այդ թվում և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
«Պետք է այնպես արվի, որ ամեն ինչ երեխայի շահերից բխի… բայց ես բացառում եմ այն տարբերակը, որ Արևշատը եղբոր մոտ ապրի, քանի որ եղբայրը, նախ, ապրելու տեղ էլ չունի, ինչպե՞ս կարող ենք պատկերացնել, որ նա Արևշատին վերցնի իր մոտ, երբ ոչ տուն ունի ապրելու, ոչ էլ աշխատանք: Այդ մեկը բացառում եմ, բայց պետք է գտնենք օպտիմալ տարբերակը, որը և երեխայի ցանկությունը կբավարարի, և կբխի նրա շահերից»,- տեղեկացրեց տնօրենը:
Նախորդիվ`
Մանկատունը լքած 14-ամյա Արևշատից դեռ լուր չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները