Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան պահում է կապը հայրենիքի հետ
2011թ-ի մարտին Մոսկվայի 12 հայ ուսանողական կազմակերպություններ համախմբվեցին, ստեղծելով միասնական կազմակերպություն. մինչ այդ պահը խոշոր երիտասարդական հայկական կազմակերպություն Մոսկվայում չի եղել: Այս մասին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ընթացող կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի ներկայացուցիչ Մեսրոպ Թարխանյանը:
«Մենք ակտիվ մասնակցում ենք քաղաքական, հասարակական կյանքին, կազմակերպում ենք բազմապիսի խոշոր միջոցառումներ: Եվ ամենակարևորն այն է, որ թեև մենք ուսանողներ ենք, ուսանողական ու երիտասարդական կազմակերպություն ենք, բայց ամբողջովին անկախ ենք թե’ ֆինանսապես, թե’ քաղաքականապես և միակ նպատակը հայրենիքի հետ կապը պահելն է»,- նշեց նա:
Մատնանշեց նաև վերջին խոշոր միջոցառումներից, որ կազմակերպել են` նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին, ինչպես նաև ապրիլի 4-ին Մոսկվայի Գորկու անվան զբոսայգում տեղի ունեցած Քեսաբի ողբերգական իրադարձությունների դեմ բողոքի ակցիան, որի շրջանակում նաև հայտարարություն է հրապարակվել և որը շատ ակտիվ լուսաբանվել է ռուսական խոշորագույն լրատվամիջոցներով:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա հունիսի սկզբին կկայանա Կոմիտասին նվիրված մշակութային երեկո:
Մ.Թարխանյանը նշեց, որ ասոցիացիան, որում ներկայումս ներգրավված են արդեն 22 հայկական ուսանողական կազմակերպություններ, Ռուսաստանի հայ համայնքի կյանքում նոր էջ էր, որն ակտիվ գործունեություն է ծավալում: Բացի նրանից, որ կազմակերպվում են միջոցառումներ, որոնց միջոցով հնարավոր է ծանոթանալ հայ մշակույթի հետ, ասոցիացիան նաև հայոց լեզվի ուսուցման դասընթացներ է կազմակերպում և այլն. գործունեության բուն նպատակը հայրենիքի` հայրենի մշակույթի, հասարակության և պատմության հետ կապը պահելն է:
Նշենք, որ կլոր սեղանը կայացավ Հարավային Կովկասի երկրների լրագրողների վերապատրաստման ծրագրի շրջանակում, որը կազմակերպել է ռուսական «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան