Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի մեկնարկը կտրվի վաղը Ծաղկաձորում
Վաղը` հունիսի 10-ին Ծաղկաձորում կմեկնարկի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամները: Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի` համաժողովը կարևոր է նրանով, որ այս հարթակը ձևավորում է միջանձնային հարաբերություններ, իսկ հետագայում այդ ամենն օգտագործվում է տարատեսակ ծրագրերում:
«Մի բան է, որ պետություններն ու պաշտոնյաներն են այս կամ այն գործընթացի առնչությամբ որոշում կայացնում, այլ բան է, երբ երիտասարդները կամ տարբեր ոլորտի ներկայացուցիչներն են փորձում իրենց համապատասխան կամուրջներ ձևավորել»,- ՀԵՀ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ ասել է Կ.Ավագյանը, ով նաև վստահություն է հայտնել, որ համաժողովը մասնակիցներին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել Հայաստանը:
Կ.Ավագյանը նաև մտահոգություն է հայտնել, թե տեղի երիտասարդական կառույցները թույլ կապեր ունեն մերձբալթյան երկրների հետ և այդ տեսանկյունից կարևորել համաժողովին մերձբալյան տարածաշրջանի ներկայացուցիչների մասնակցությունը` այդ բացը լրացնելու առումով:
Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանն էլ նշել է, որ իրենց հիմնադրամը բազմաթիվ նմանատիպ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպել, որոնց նպատակն է խթանել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի միջև կապերի ամրապնդմանը տարբեր ոլորտներում: Նրա խոսքով, այս շարքում առանձնահատուկ է Ծաղկաձորում անցկացվելիք համաժողովի դերակատարությունը, քանի որ այն մեծապես կնպաստի միասնական եվրասիական երիտասարդական տարածքի ձևավորմանը:
Աղբյուրը նշում է, որ համաժողովի ընթացքում դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից, ՀԱՊԿ-ի, ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Համաժողովին կմասնակցի շուրջ 150 երիտասարդ: Նրանք կմասնակցեն «Երիտասարդ լրագրողներ», «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Եվրասիական անվտանգություն» թեմաներով քննարկումներին»: Համաժողովին մասնակից երիտասարդների ընտրության հարցում հատուկ պահանջներ դրված չեն եղել ,մասնակիցների շարքում հիմնականում ներգրավվել են այն երիտասարդները, որոնք իրենց ակտիվությամբ աչքի են ընկել «Եվրասիական տեղեկատվական լիգայի» աշխատանքներում»:
Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղան-քննարկումներ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ: Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես «Միսս Եվրասիա 2014», ինչպես նաև սպորտային, ինտելեկտուալ խաղեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան