Վերջապես պետությունը որոշեց ավելացնել խնամատար ընտանիքների թիվը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատրաստ են և ցանկանում են ընդգրկվել խնամատար ընտանիք ծրագրում:
«Երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական գաղափարախոսությունը երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է` հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության հանձնելու, որդեգրման հանձնելու կամ խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու միջոցով:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու նպատակով 2008 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում է «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման» ծրագիրը:
Այս տարիների ընթացքում հանրապետության շուրջ 60 երեխա խնամվել է խնամատար ընտանիքում: Շարունակվում է ծրագրում ընդգրկվելու գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:
Նաև հայտնում են, որ պայմաններին ծանոթանալու և այլ տեղեկությունների համար, ցանկացողները կարող են դիմել իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան:
Հիշեցնենք, Panorama.am-ը բազմիցս է այս խնդրին անդրադարձել` նշելով, որ հակառակ որդեգրած քաղաքականության ու պետության կողմից այս ծրագրի կարևորության, խնամատար ընտանիքների թիվը Հայաստանում մնում է անփոփոխ, իսկ կառավարությունը բյուջե այս գործընթացի շարունակականության համար չի տրամադրում: Եվ ահա, կարծես, սայլը տեղից սկսել է շարժվել:
Նախորդող հրապարակում `
ՄԻՊ վերլուծություն. «2007թ-ից մինչ օրս խնամատար ընտանիքների թիվը չի ավելացել, առկա է որոշակի լճացում»
… Իսկ պետությունը համառորեն շարունակում է մերժել խնամատար ընտանիքի ինստիտուտը
Նախարարը կարևորում է երեխային ընտանիք վերադարձնելը, բայց խնամատար ընտանիքների թիվը մնում է անփոփոխ