Փոխնախարար. Անչափ կարևոր է համայնքային և առօրյա կյանքում հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը (տեսանյութ)
«Հայաստանը ձեռնամուխ է եղել երեխաների սոցիալական պաշտպանության համակարգի վերակազմավորման գործընթացին: Այս համատեքստում հատկապես կարևոր է դարձել երաշխավորել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները ճանաչված և պաշտպանված լինեն: Մենք մեկնարկել ենք «Կարող ենք միասին» արշավը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և ոլորտի այլ գործընկերներին՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթություն ստանալու և համայնքներում ներառվելու հավասար հնարավորություններ»,- այսօր մեկնարկած «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:
Նշենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ այսօր մեկնարկեց հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը, որի նպատակն է խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը Հայաստանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի զարգացման գործում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն էլ նշեց, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ երեխայի իրավունքը միշտ գերակա են եղել և որը տարիներ առաջ վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Կոնվենցիան և այսօր և’ պետական քաղաքականությունը հաշմանդամության ոլորտում , և’ բոլոր ծրագրերը միտված են սոցիալական ներառում ապահովելու համար.
«Իհարկե, մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ և բարձրաձայնում ենք այդ մասին` մասնավորապես, որ մատչելի միջավայր ապահովելու հարցում լուրջ անելիքներ կան և մյուս հարցերում ևս : Քայլ առ քայլ ծրագրերն իրականացվում են և այս միջոցառմանը ներկաներն էլ դրա ապացույցն են, բայց, կրկնում եմ, դեռ անելիքներ ունենք»,- նշեց տիկին Բաղդասարյանը` հավելելով, որ անչափ կարևոր է համայնքային առօրյա կյանքում հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը:
Իր հերթին Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ առանձնահատուկ կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպումը պետության ուշադրության կենտրոնում է գտնվում և ներկայումս 139 ներառական դպրոցներում կրթություն են ստանում շուրջ 2700 երեխա. «Այդ թիվը գնալով աճում է»:
Բացի պաշտոնյաներից ելույթ ունեցան նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, իսկ այնուհետ երեխաների համար կազմակերպվեցին խաղեր և տիկնիկային ներկայացումներ՝ ծաղրածուների, ձեռնածուների ու հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ: Իսկ ամենավերջում երեխաները երկինք բաց թողեցին իրենց երազանքներով գրառված փուչիկները:
Նշենք նաև, որ հանրային արշավի նպատակներն են` բարձրացնել իրազեկությունը հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին, խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը, նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունմանն ու նրանց դերի կարևորմանը երկրի զարգացման գործում:
Նախորդող հրապարակում`
Այսօր էլ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ դուրս են մնում հասարակական կյանքից. Տ. Փիրումյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները