Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Նոր Նորքի 3 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած թռչնամիս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպառողին խաբելու համար: Panorama.am-ին քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը մանրամասնեց, որ քննության առջև խնդիր է դրված պարզելու, թե որտեղից է ձեռք բերվել թռչնամիսը, ի՞նչ որակի է այն եղել, անհատ ձեռներեցը իրավունք ունեցե՞լ է մատկարարելու, թե՞ ոչ, ինչպե՞ս է ստացվել, որ մրցույթում այդ ձեռնարկատերն է հաղթող ճանաչվել, և ընդհանիրապես թռչնամիսն առաքվել է միայն այդ երեք մանկապարտեզների՞ն, թե՞ նաև այլ օբյեկտների ու խանութների:
Նրա խոսքով, քննության առաջև խնդիր է դրված պարզել նաև հարկային պարտավորություններից հնարավոր խուսափումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ: Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին:
Նախորդող հրապարակումներ՝
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից