ՀՀ ԳԱԱ նախագահ. Մեծ կարևորություն է դարձել «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»
«Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հիմնադրումը նպատակ ունի նախ հավերժացնելու մեծ գիտնականի հիշատակը, նաև աշխարհին ներկայացնելու Հայաստանի գիտությունը և նպաստելու աստղաֆիզիկայի զարգացմանը Հայաստանում»,- Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի 2014 թ. միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակակիրներն են՝ Ֆելիքս Ահարոնյան, (Իռլանդիա և Գերմանիա) և համատեղությամբ Իգոր Կարաչենցև (Ռուսաստան) և Բրենթ Թալի (ԱՄՆ):
Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ 2008 թ. Վ. Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր կառավարական հանձնաժողով. «Հոբելյանական բազմաթիվ միջոցառումների շարքում մեծ կարևորություն դարձավ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնված «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը», որը տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին»:
ԳԱԱ նախագահը տեղեկացրեց, որ 2013 թ. ընթացքում մրցանակի կանոնակարգին համապատասխան աշխարհի ավելի քան 500 գիտական կազմակերպություն տեղեկացվել է մրցանակի և նրա ստացման պայմանների մասին: Մինչև 2014 թ. մարտը ստացվել է 7 տարբեր առաջարկ բարձր գիտական հեղինակություն ունեցող գիտնականների կողմից:
«Հանձնաժողովի անդամները քննարկել են ստացած առաջարկներն ու որոշել մրցանակը հանձնել Ֆելիքս Ահարոնյանին, համատեղությամբ՝ Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը:
Նշենք, որ մրցանակը կազմում է 500 հազար դոլար: Մրցանակի գումարը բաժանվել է հետևյալ կերպ. Ֆ. Ահարոնյանին հատկացվել է 250 հազար դոլար, իսկ Ի. Կարաչենցևին և Բրենթ Թալիին՝ յուրաքանչյուրին 125 հազարական դոլար: Մրցանակը գիտնականներին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մրցանակաբաշխության արարողությունից հետո գիտնականները հանդես եկան ելույթներով՝ շնորհակալություն հայտնելով նման մրցանակի արժանացնելու համար:
«Շնորհակալ եմ նման բարձր մրցանակի արժանանալու համար»,- ասաց Իգոր Կարաչենցևը:
«Այս մրցանակը նպաստում է նաև Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը»,- նշեց Ֆ. Ահարոնյանը:
Գիտնականներն ընդգծում էին այն փաստի կարևորությունը, որ մրցանակակիրները որոշվում են հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են հայտնի գիտնականներ տարբեր երկրներից:
Նշենք, որ միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 գիտնականից. հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մատիրոսյանը, անդամներն են՝ Գենադի Բիսնովատի-Կոգան (ՌԴ), Երվանդ Թերզյան (ԱՄՆ), Նորիս Կայֆու (Միջազգային աստղագիտության միության նախագահ, ճապոնիա), Միշել Մայոր (Շվեյցարիա), Վահե Պետրոսյան (ԱՄՆ), Մարտին Ռիս (Մեծ Բրիտանիա), Քաթրին Ցեսարսկի (Միջազգային աստղագիտության միության նախկին նախագահ, Ֆրանսիա), Ռոբերտ Ուիլյամս (Միջազգային աստղագիտության միության նախկին նախագահ, ԱՄՆ):
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյան. Լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ գիտական աշխարհում
Երեք գիտնականներ արժանացան Վիկտոր Համբարձումյանի 2014 թ. միջազգային մրցանակին